Պատգամավորները կներգրավվե՞ն որպես մեղադրյալներ․ մանրամասներ․ «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News 

․

««Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել հունիսի 14-ին տեղի ունեցած դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործերի ընթացքից: Բանն այն է, որ այդ օրը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի աջակիցները, կուսակիցները հավաքվել էին Ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց, անգամ փակել էին Նալբանդյան և Խանջյան փողոցները:

Բայց քանի որ Հայաստանում արտակարգ դրության ժամանակ արգելվում են հավաքները, ուստի մի խումբ անձանց նկատմամբ կանոններին չենթարկվելու, երթևեկությունը խաթարելու առիթով ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Ու թեև այդ օրը ԲՀԿ խմբակցության պատգամավորները ևս նստել էին գետնին, խոչընդոտում էին երթևեկությանը, այնուամենայնիվ, այս պահի դրությամբ որոշում չկա, որ պատգամավորները ևս ներգրավեն այս գործում` որպես մեղադրյալների:

Փոխարենը «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս գործով կարող է անցնել Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ, «Առինջ մոլ»-ի փոխտնօրեն Արմեն Ներսիսյանը, որը դեռ Գագիկ Ծառուկյանի առանձնատան դիմաց իրենց միանալու կոչեր էր անում: Նրա ակտիվությունը գրավել է իրավապահների ուշադրությունը: Ամեն դեպքում, այս մասով հստակեցումներ կլինեն միայն այսօր»»,-գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--0--ԱՀ