Հրատապ քայլերով Ֆրանսիան պետք է ճանաչի ԼՂ անկախությունը. Գիյոմ Գոնտարդ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News

ԼՂ հակամարտությունը մի շարք պատճառներ ունի`աշխարհաքաղաքական, տարածքային, բայց ոչ կրոնական: Ֆրանսիայի Սենատում ԼՂՀ ճանաչմանը վերաբերող բանաձևի քննարկման ժամանակ հայտարարեց սենատոր Գիյոմ Գոնտարը: Նա նշեց՝ Ադրբեջանն օգտվեց համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակից: 

Սենատորը հիշեցրեց՝ այս հակամարտության ընթացքում 4000 -ից ավելի մարդ է սպանվել և շատ տեղահանվածներ կան, ապա հայտնեց՝ պետք է միջազգային հետաքննություն լինի ԼՂ-ում արգելված զինատեսակների օգտագործման շուրջ: Նրա կարծիքով՝ Թուրքիան և Ադրբեջանը հարավում փորձում են ընդհանուր սահման ստանալ: 

«ԼՂ կարգավիճակի հարցը կարևոր է, կենտրոնական: Շատ ավելի հրատապ քայլեր պետք է ձեռնարկվեն, որ Ֆրանսիան ճանաչի ԼՂ անկախությունը»,- ասաց նա:

Սենատի անդամ Ստեֆան Ռավիեի գնահատմամբ՝ Ղարաբաղի հանդեպ կիրառվել է ագրեսիա, և այդ տարածաշրջանը պիտի ստանար միջազգային օգնություն: Նրա կարծիքով՝ այն ամենի համար, ինչ կիրառվել է Ղարաբաղում, պետք է դիմել միջազգային դատարան, քանի որ միայն պատժամիջոցները կարող են նպաստել, որպեսզի Էրդողանի նկրտումները պակասեն:

Սենատոր Ժան-Նոյել Գերինիի կարծիքով էլ՝ կա Ադրբեջանի և Ալիևի գործողությունների արագ արձագանքման հրատապություն:

«Ալիևը մեզանից պահանջել էր, որպեսզի Կորսիկան կամ Մարսելն ինքնորոշվեն այնպես, ինչպես մենք ուզում ենք, որ Ղարաբաղն ինքնորոշվի»,- ասաց Գերինին:

--0--ԿԿ