Ռուս խաղաղապահները գրենական պիտույքներ են հանձնել Մարտակերտի դպրոցի աշակերտներին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

նկար

Ռուս խաղաղապահները մարդասիրական գործողություն են իրականացրել Արցախի Մարտակերտ քաղաքի թիվ 1 հանրակրթական դպրոցում՝ աշակերտներին հանձնելով դպրոցական ուսապարկեր, գրենական պիտույքներ, դպրոցական պարագաներ: Այդ մասին տեղեկանում ենք ՌԴ Պն կայքէջից

Ըստ գերատեսչության՝ ՌԴ խաղաղապահ զորախմբի զինծառայողներն անցկացրել են «Խաղաղապահի դաս», որի ընթացքում ներկայացրել են խաղաղապահ գործունեության առանձնահատկությունները և անվտանգության հիմնական պահանջները:

Խաղաղապահները նաև ցուցադրել են դիտակետերում ծառայություն իրականացնող զինծառայողների համար նախատեսված հանդերձանքի նմուշներ, ինչպես նաև սակրավորի, ИМП-С2 ական որոնողի և ИНВУ-3М որոնողի ժամանակակից պաշտպանիչ կոստյումներ:

Նշենք, որ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի միջև կնքվել է եռակողմ պայմանագիր, որի շրջանակում Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներ տեղակայելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Ըստ համաձայնության՝ Ադրբեջանին են անցնում Արցախի 7 շրջանները, Շուշին, իսկ Հադրութի շրջանը՝ մասնակի: Համաձայնագրի կնքումից ի վեր՝ ավելի քան 37 հազար արցախցի ռուս խաղաղապահների ուղեկցությամբ վերադարձել է Արցախ:

--00—ԼՄ