Ռուսաստանի փոստը և «Հայփոստը» նախատեսում են նվազեցնել էքսպրես առաքման սակագները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News

․

Ռուսաստանի փոստը և «Հայփոստը» հայտարարում են էլեկտրոնային առևտրի և փոստային վճարահաշվարկային ծառայությունների զարգացման ոլորտում համագործակցության մասին։ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի ընթացքում Ռուսաստանի փոստի գլխավոր տնօրեն Մաքսիմ Ակիմովը և «Հայփոստի» գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը հուշագիր են ստորագրել:

Կողմերը նախատեսում են Ռուսաստանի փոստի դուստր ձեռնարկությունների միջոցով զարգացնել Եվրոպայից, ԱՄՆ-ից և Չինաստանից Հայաստան էլեկտրոնային առևտրի հոսքերի լոգիստիկան, ինչպես նաև բիզնես հաճախորդների (B2B) համար կազմակերպել Ռուսաստանի փոստի և «Հայփոստի» համատեղ կապուղի։ Միաժամանակ փոստային կապի օպերատորները նախատեսում են քննարկել իրավաբանական և ֆիզիկական անձանց միջև էքսպրես առաքման սակագների նվազեցման և միջազգային կանոնավոր չվերթերով օդային առաքման ու այլ երկրներից տարանցման հարցերը։

Ընկերությունների քննարկման առարկաներից է նաև Հայաստանում առցանց հարթակի ստեղծումը, որտեղ ներկայացված կլինեն ռուսական առցանց առևտրի հարթակների ապրանքները։ Միևնույն ժամանակ նախատեսվում է իրականացնել փոստային ծառայությունների թվայնացմանն ու էլեկտրոնային սպասարկմանն ուղղությունների հետագա փորձի փոխանակում։

«Մենք արդեն վաղուց և մեծ հաջողությամբ համագործակցում ենք «Հայփոստի» հետ։ Անցյալ տարվա սեպտեմբերին մենք կնքեցինք Ռուսաստանի և Հայաստանի միջև ծանրոցների առաքման սակագների եռակի նվազեցման մասին համաձայնագիր։ Արդյունքում Ռուսաստանի փոստով դեպի Հայաստան առաքումների քանակը 2021 թվականի 1-ին քառորդում 140 տոկոսով աճ ունեցավ 2020-ի առաջին քառորդի համեմատ։ Նոր համաձայնագիրը կավելացնի Հայաստանում ռուսական առցանց խանութների հաճախորդների թիվը, ինչպես նաև կհեշտացնի դրամական փոխհաշվարկներն ու կարագացնի մեր երկրների միջև ծանրոցների առաքումը»,- նշել է Ռուսաստանի փոստի գլխավոր տնօրեն Մաքսիմ Ակիմովը։

«Մենք ակտիվորեն աշխատում ենք Ռուսաստանի փոստի հետ և արդեն 2 հաջողված նախագիծ ունենք՝ ամբողջ Ռուսաստանի փոստային բաժանմունքներից Հայաստանի ցանկացած փոստային բաժանմունք փոստային դրամական փոխանցումները և Հայաստանից ՌԴ և հակառակ ուղղությամբ ծանրոցների առաքման հատուկ հայելային սակագինը։ Նշված նախագիծը հրաշալի արդյունքներ է տվել․ 2019 թվականի (քովիդի նախորդ տարին) համեմատ՝ 2021 թվականի առաջին քառորդում արդեն ունենք Հայաստանից ՌԴ ծանրոցների փոստփոխանակման աճ ավելի քան 11 անգամ, իսկ ՌԴ-ից Հայաստան գրեթե քառապատկվել է։ Վստահ ենք, որ այս համաձայնագիրը զարգացման մեծ հնարավորություններ ունի, և մենք միասին ընդլայնելու ենք համագործակցությունը բոլոր ուղղություններում»,- նշել է «Հայփոստի» գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը։

--00--ԱՀ