Հայկ Մարությանն ընտրությունների ընթացքում զբաղված է եղել իր պարտականությունների կատարմամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News

Հասարակական

Հայկ Մարությանն ընտրությունների ընթացքում և դրանից առաջ զբաղված է եղել իր պաշտոնական պարտականությունների կատարմամբ՝ իրացնելով այն մանդատը, որն իրեն տվել են Երևանի բնակիչները։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ անդրադառնալով վարչապետի խորհրդական Արայիկ Հարությունյանի հայտարարությանը, որ նախընտրական փուլում Մարությանն իշխող թիմին հանրային աջակցություն չցուցաբերեց։

Հիշեցնենք, որ երեկ հարցազրույցներից մեկում Արայիկ Հարությունյանն ասել էր․ «Ես շատ ցավում եմ, որ Հայկ Մարությանը այդպիսի կեցվածք ունեցավ ընտրություններից առաջ և որպես ՔՊ-ի ու «Իմ քայլի» կողմից առաջադրված քաղաքապետ նախընտրական փուլում ակներև և հրապարակային աջակցություն չհայտնեց ՔՊ-ին, որովհետև քվեն, որով Մարությանը դարձել էր Երևանի քաղաքապետ, մեծամասամբ այն ուժինն է, որը արդեն երկրորդ անգամ ձևավորել է կառավարություն»։ 

Անդրադառնալով Արայիկ Հարությունյանի դիտարկմանը, թե 2018 թվականին Հայկ Մարությանի ստացած քվեների մեծ մասը ներկայիս կառավարությանն է, Կարապետյանը նկատեց, որ դա շատ հանրահայտ փաստի արձանագրում է։

«2018 թվականին Երևանի ավագանու ընտրություններում հաղթել է «Իմ քայլը» դաշինքը՝ Հայկ Մարությանի գլխավորությամբ։ Բնական է, որ հեղափոխական թիմը հեղափոխությունից հետո առաջին ընտրություններին մասնակցել և հաղթել է շատ նկատելի առավելությամբ»,- ասաց Հակոբ Կարապետյանը։

--00--ԿԿ