Մեր նպատակը պետք է լինի պատրաստվել հաղթանակի՝ պատերազմի մասին քիչ խոսելով․ Բաբաջանյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 24, 24News

Բաբաջանյան

Նախօրեին անհանգիստ ողջ գիշեր մի բանի մասին եմ մտածել՝ իբրև հանրություն ու պետություն մեր նպատակը պետք է լինի պատրաստվել հաղթանակի՝ պատերազմի մասին քիչ խոսելով: Այս մասին գրառում է կատարել «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը։

«Հայաստանը պետք է մշտապես պատրաստ լինի մի սցենարի՝ Բաքվի պատերազմի մտադրությանը: Եվ այդ առումով Ադրբեջանի որևէ քայլ մեկնաբանելիս, թերևս, ավելորդ է ցուցաբերել «հեռատեսություն» ու ասել, թե դա պատերազմի պատրաստվելու քայլ է: Ադրբեջանը, եթե որևէ քայլ չանի էլ, մենք, որպես հասարակություն ու պետություն, պետք է մշտապես գիտակցենք՝ Բաքուն պատրաստ է պատերազմի: Ոչ թե պատրաստվում է, այլ արդեն պատրաստ է: Պարզապես փորձում է անընդհատ ավելացնել իր պատրաստվածությունը:

Այդտեղ է խնդիրը, որ Ադրբեջանը պատերազմի պատրաստ է՝ չի պատրաստվում: Պարզապես Հայաստանը պետք է այնքան զարգանա, որ Ադրբեջանի մտքի ծայրով չանցնի, որ կարող է կամ պատրաստ է հաղթել Հայաստանին ու Արցախին: Բաքվի գործողությունները պետք է դիտարկել այդ համատեքստում՝ Հայաստանի ու Արցախի նկատմամբ հաղթանակի պատրաստվելու համատեքստում:

Ըստ այդմ, զսպել պատերազմը, նշանակում է թույլ չտալ Ադրբեջանին ունենալ հաղթելու անգամ պատրանք: Բանն այն է, որ Բաքուն կարող է ունենալ պատրանք, ինչպես 2020թ․ սեպտեմբերին, որ կարող է հաղթել: Ըստ այդմ՝ մենք իրավունք չունենք անգամ պատրանք թույլ տալու, հակառակ դեպքում Բաքվին ուշքի բերելու և իրականություն վերադարձնելու համար, անկասկած, էլի հարկ կլինի անցնել դաժան մարտերի միջով: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանն ու Արցախը պետք է պատրաստվեն ոչ թե չպարտվելու, այլ պատրաստվեն հաղթանակի:

Միայն հաղթանակի պատրաստվելու դեպքում մենք կարող ենք Ադրբեջանին զրկել մեր հանդեպ հաղթանակի պատրաստ լինելու կամ այդպիսի պատրաստության պատրանքից»,-գրել է նա:

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս