ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News
Ադրբեջանական ոստիկանների կողմից Հայաստան մտնող իրանական բեռնատարների ստուգումն ու գումար գանձելը (փաստը հավաստող անդորրագիրն արդեն հրապարակված է սոցցանցերում) սոսկ ուժի ցուցադրում կամ շարքային չարաճճիություն չէ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Իրավագիտության դոկտոր, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Այն, կարծում եմ, ուղղակի ակնարկ է. եթե արևմտյան շրջանների և Նախիջևանի հետ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների ու բեռների ԱՆԱՐԳԵԼ (սա աուղղակի արձանագրված է նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ) երթևեկություն կազմակերպելը ևս իրականացվի Հայաստանի վերահսկողության ներքո և, ըստ այդմ էլ՝ ուղեկցվի մաքսային և սահմանային ստուգումներով ու համապատասխան գանձումներով, ապա նույնն իրենք կանեն իրանական բեռների պարագայում և ավելի վատթար սցենարով:
Ընդ որում, այս դեպքում տերմինների ընտրությունը (միջանցք, թե ազատ հաղորդակցության ապահովում) որևէ իրավական արժեք չունի, արժեք ունի բովանդակությունը՝ ամրագրել մաքսային և սահմանային հսկողություն, թե՝ ոչ:
Այս հարցի պատասխանը Ադրբեջանը, թերևս, արդեն փորձում է պարտադրել պարզ շանտաժով: Իսկ սա այն գինն է, որ մենք վճարում ենք՝ սահմանային բարդ թնջուկը, ինչն այլ երկրներում տարիների ընթացքում է հանգրվանի հասնում, հապճեպ լուծելու արդյունքում...»։
--00—ՄՀ