Մարտի 5-ին Ադրբեջանի իրականացրած դիվերսիան եռակողմ հայտարարության եռակի խախտում է․ Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

1106431

Մարտի 5-ին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի դիվերսանտների կողմից ոստիկանության երեք աշխատակիցների սպանությունները 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության եռակի խախտում էր։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության հերթական նիստի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ի հեճուկս Արդարադատության միջազգային դատարանի՝ սույն թվականի փետրվարի 22-ին հրապարակված որոշման՝ Ադրբեջանը շարունակում է ապօրինի կերպով փակ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի միակ անցանելի ասֆալտապատ ճանապարհը։ Սրա հետևանքով հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում շարունակում է մնալ լարված։

Միևնույն ժամանակ, տեսնում ենք Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում ռազմական առումով սրելուն ուղղված կոնկրետ գործողություններ Ադրբեջանի կողմից։ Սրա վերջին աղաղակող դրսևորումը Լեռնային Ղարաբաղի ոստիկանության երեք աշխատակիցների սպանությունն էր ադրբեջանական դիվերսիոն խմբի կողմից սույն թվականի մարտի 5-ին։ Ոստիկանները, հիշեցնեմ, ծառայողական նպատակներով մարդատար ավտոմեքենայով ուղևորվում էին Լեռնային Ղարաբաղի Հին Շեն և Մեծ Շեն գյուղեր։ Հերթական այս միջադեպը տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում»,- նշեց վարչապետը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ