InSport Syunik․ սահմանամերձ Կապանում շարունակվում է 1.74 մլրդ դրամանոց գոտու կառուցումը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

«Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությունը Սյունիքի մարզի սահմանամերձ Կապան քաղաքում կառուցում է հանրային նշանակության գոտի։

Նշված գոտում կառուցվելու է մարզահամալիր, բացօթյա լողավազան, մանկական խաղահրապարակ, շատրվան, ճեմուղիներ, սրճարան, հանգստի գոտիներ: Տնկվելու են արագահաս և սաղարթախիտ ծառեր, ձևավորվելու են սիզամարգեր: Հանրային նշանակության գոտին կրելու է «InSport Syunik» անվանումը։ Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 1.74 միլիարդ դրամ: Հանրային նշանակության գոտում ստեղծվելու է շուրջ 40 աշխատատեղ:

Մինչ շինաշխատանքների վայր ժամանելը կազմակերպության նախագահ Արսեն Քարամյանը Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանին ներկայացրեց համայնքին նվիրաբերված «ԿամԱԶ» մակնիշի աղբահանման նոր մեքենան, որից հետո միասին այցելեցին շինհրապարակ։

Լրագրողների հետ զրույցում Քարամյանն ասաց, որ ծրագրի առաջին փուլի ավարտը նախանշվում է 2022 թվականի ապրիլի վերջին։

Կապանի համայնքապետը նշեց, որ Կապանում այս ծրագիրը մեծ անհրաժեշտություն էր։ «Կարելի է ասել, որ նման համալիրը եզակին է լինելու Կապան համայնքում», - ասաց նա։