«Գազպրոմ Արմենիա»-ն գազի սակագնի վերանայման հայտ է ներկայացրել․ սակագինը ապրիլի 1-ից գուցե բարձրանա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, 24News

Տնտեսական

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկ «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունից գազի սակագնի վերանայման հայտ է ստացել։ Այս մասին 24News-ին ասաց ՀԾԿՀ մամուլի քարտուղար Լիանա Ազիզյանը։

«Համաձայն «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի և «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ի միջև կնքված 2014 - 2021 թթ. Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման № 02-13-04 Կոնտրակտի՝ № 105 առ 29.10.2021 թ. լրացուցիչ համաձայնագրի՝ 2022 թ. ապրիլի 1-ից Հայաստանի Հանրապետություն առաքվող բնական գազի փաստացի գինը սահմանվում է հավասար 165 ԱՄՆ դոլար հազար խորանարդ մետրի դիմաց՝ 7900 կկալ/խմ ստորին ջերմատվության պայմաններում և 177,53 ԱՄՆ դոլար հազար խորանարդ մետրի դիմաց՝ 8500 կկալ/խմ ստորին ջերմատվության պայմաններում: Միաժամանակ, եթե բնական գազի ստորին ջերմատվության փաստացի ամսական միջին կշռութային մեծությունը լինի բարձր կամ ցածր 8500 կկալ/խմ, գինը համապատասխանաբար կփոփոխվի ուղիղ համամասնորեն այդ փոփոխությանը», - նշվում է «Գազպրոմ Արմենիա»-ի հայտարարության մեջ, որը տեղադրված է Azdarar.am ինտերնետային ծանուցումների պաշտոնական կայքում։ 

Ընկերությունը սպառողների համար նոր սակագինն առաջարկում է սահմանել 2022 թվականի ապրիլի 1-ից։ 

«Թվային մեծությունը փոխարինվել է բանաձևային հաշվարկի, այսինքն՝ այս բանաձևով ընկերությունն առաջարկում է գազի կիլոկալորիայի ճշգրտում անել», - պարզաբանեց ՀԿԾՀ մամուլի քարտուղարը։

Սահմանամերձ բնակիչների համար սակագնի սահմանման հարցին անդրադառնալով՝ Լիանա Ազիզյանն ասաց․ «Ուսումնասիրությունները դեռևս ցույց կտան, այսինքն՝ այս պահի դրությամբ հանձնաժողովը երեկ նոր հայտը ստացել է։ Սպառողների համար վերջնական սակագները կսահմանվեն ուսումնասիրություններից հետո»։

Ըստ նրա՝ հանձնաժողովն 80 աշխատանքային օր ունի հայտը քննարկելու համար, և մինչև ապրիլի 1-ը որոշում կկայացվի, եթե հետաձգվի։ «Ենթադրելի է, որ 80 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրությունները տեղի կունենան», - հավելեց նա։ 

«Այս ամբողջ գործընթացը համալիր ուսումնասիրություններ է պահանջում։ Դրանք պետք է կոմպլեքս դիտարկվեն», - եզրափակեց ՀԾԿՀ մամուլի քարտուղարը։

--00--ԿԿ