Անթալիայի ֆորումին ՀՀ-ի մասնակցությունը ոչ լավ բան կտա, ոչ էլ՝ վատ. Ռուբեն Սաֆրաստյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

քաղաքական

Անթալիայի դիվագիտական ֆորումին Հայաստանի մասնակցությունն առանձնապես ոչ մի բան չի տա, բայց չեմ կարծում, որ վատ էլ լինի երկրի համար։ Այս մասին 24News-ին ասաց արևելագետ, ԳԱԱ ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը։

Մարտի 7-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը նշել էր, որ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի մարտի 11-13-ը Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող դիվանագիտական ֆորումին։

Ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանի խոսքերով՝ գուցե հնարավորություն լինի այս դիվանագիտական ֆորումի շրջանակներում հանդիպումներ կազմակերպել Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի և այլ երկրների ԱԳՆ ղեկավարների միջև, որը «հնարավորություն կստեղծի Հայաստանի տեսակետը փոխանցել օրինակ Արցախի հետ կապված»։

«Անթալիայի դիվանագիտական ֆորումը Թուրքիայի հերթական միջացառումն է, որի նպատակն է Թուրքիայի հեղինակությունն աշխարհում բարձրացնել։ Դրա համար հրավիրել են տասնյակ երկրներից ղեկավարների և արտգործնախարարների, հայտնի լրագորղների և այլն։ Սակայն առանձնապես Հայաստանի այս մասնակցությամբ չեմ տեսնում ոչ մի մեծ օգուտ, ոչ մի առավելություն, որ կստանանք, վնաս էլ առանձնապես չենք ստանա», - ընդգծեց արևելագետը։

Սաֆրաստյանն ասաց, որ մասնակցությունից հրաժարվելով էլ Հայաստանը որևէ բան չէր ստանա։ «Չենք մերժել, գնացել է ԱԳ նախարաը։ Գուցե, ինչպես ասացի, հանդիպումներ լինեն, Հայաստանի տեսակետը ներկայացվի։ Կարևոր է, որ մենք մեր տեսակետներն աշխարհի տարբեր երկրների ներկայացուցիչներին փոխանցենք։ Ուրիշ բան, ճիշտն ասած, ես չեմ տեսնում ասյտեղ», - եզրափակեց նա։

--00--ԿԿ