Զինվորականները 2 տարի լռեցին՝ դառնալով իշխող քաղաքական ուժի կողմնակից. քաղտեխնոլոգ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News

դսդս

Միքայել Արզումանյանին և Ջալալ Հարությունյանին մեղադրանք առաջադրելով՝ իշխանությունները ցույց են տալիս, թե նրանք են մեղավոր հայկական կողմի կապիտուլյացիայի համար։ Այս մասին 24News-ին ասաց քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը։

Բադալյանի խոսքերով՝ Հայաստանը չունի անկախ դատական համակարգ, ուստի դժվար է ասել՝ մեղավո՞ր են, թե՞ ոչ. «Քննչական կոմիտեն գուցե շատ ծանր մեղադրանք է առաջադրել, գուցե իրականում մեղավոր են։ Այսպիսի դատական համակարգի առկայությամբ չենք կարող իմանալ քաղաքական է նրանց նկատմամբ հետապնդումը, թե ոչ։ Ծանոթ եմ լրատվական դաշտում տարածված տեղեկություններին, որ իշխանությունները սլաքներն ուղղում են դեպի զինվորականները։ Այդ զինվորականները 2 տարի ժամանակ ունեին շատ հարցերի, այդ թվում՝ Շուշիի անկման մասին խոսելու, բայց լռում էին։ Լռեցին՝ դրանով համաձայնեցին դառնալ իշխող քաղաքական ուժի կողմնակից։ Դա իրենց մեղքն է»։

«Նախ՝ նրանք խոսելու ժամանակ ունեին, երկրորդ՝ հնարավորություն ունեին ինչ-որ գործողություններ իրականացնել արդարացվելու համար, չեն արել։ Իսկ հիմա եթե փորձեն խոսել, ինչ-որ բան անել, դա կընկալվի որպես ոչ օբյեկտիվ, որովհետեւ քրեական հետապնդման են ենթարկվում», - ընդգծեց քաղտեխնոլոգը։

Ըստ Բադալյանի՝ գուցե փորձ է արվում պարտության համար քավության նոխազ դարձնել բարձրաստիճան զինվորականներին, գուցե՝ ոչ. «Տրամաբանական է, որ բոլոր սլաքները պետք է ուղղվեն դեպի զինվորականները՝ «այ, իրենք են մեղավոր Շուշիի անկման համար», և քավության նոխազ դարձնել։ Արմեն Բադալյանը չբացառեց, որ հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգով են այս հետապնդումները. «Հայաստանում անկախ դատական համակարգ չկա և չի եղել վերջին 30 տարվա ընթացքում։ Անկախ դատական համակարգը ոչնչացվել է 1990-ականների հենց սկզբից, և թույլ չի տրվել, որ լինի։ Հաշվի առնելով Հայաստանի կառավարման անձնիշխան համակարգը՝ ամեն ինչ ենթարկվում է կոնկրետ մեկ մարդու։ Բնականաբար, հնարավոր է ենթադրել, որ այդ մեկ մարդը շատ հանգիստ կարող է հրահանգավորել ենթակա կառույցներին` կոնկրետ մարդկանց դեմ քրեական գործեր հարուցել՝ մեղքի իր բաժինը այդ մարդկանց դեմ ուղղելու համար»։

«Այնպիսի կազուսային իրավիճակ է, որ չեմ կարող ասել՝ այս զինվորականները քաղհալածյալնե՞ր են, թե՞ ոչ։ Չեմ կարող բացառել, որովհետեւ այս գործերում քաղաքական էլեմենտը միանշանակ առկա է», - եզրափակեց նա։

Հիշեցնենք, որ օգոստոսի 30-ին ՀՀ քննչական կոմիտեն Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու համար (2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով), իսկ սեպտեմբերի 1-ին մեկ այլ դրվագով՝ պատերազմի ժամանակ Արցախի «Արեգա» բարձունքը և հարակից մարտական դիրքերը լքելու հրաման տալու համար (2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Իշխանազանցությունը կամ իշխանությունը չարաշահելը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում) մեղադրանք էր առաջադրել Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանին։

ՔԿ-ի տարածած երեկվա հաղորդագրության համաձայն՝ Ջ. Հարությունյանը պատերազմի ընթացքում անփույթ վերաբերմունք է դրսևորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ չկատարելով և ոչ պատշաճ կատարելով դրանք, ինչն էլ առաջացրել է ծանր հետևանքներ։

Սերգեյ Առաքելյան

--00-ԱՊ