Բաքվի համար ոչ թե Արայիկ Հարությունյանն է պրոբլեմ, այլ Ռուբեն Վարդանյանը․ քաղտեխնոլոգ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

բ

Ստեփանակերտում երեկ հնչած ուղերձներն ընդհանուր քաղաքականության զարգացման հաջորդ քայլերն են, որովհետև իշխանությունը հենց այնպես չեն վերցնում։ Այս մասին 24News-ին ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով երեկ Վերածննդի հրապարակում տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաքին։

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի խոսքերով, Ռուսաստանի Դաշնության աջակցությունը վայելող Վարդանյանի խնդիրն է Արցախի պետական կառավարման համակարգն ամբողջությամբ դուրս բերել ՀՀ իշխանությունների հսկողությունից։

«Այս դեպքում Ռուսաստանը, բացի խաղաղապահների խաղաքարտից, կունենա ևս մեկ խաղաքարտ՝ Արցախի կառավարման համակարգը։ Չեմ կարող ասել՝ կկարողանա՞ իրականացնել, թե՞ ոչ, բայց այժմ գնում է այդ գործընթացը։ Երբ Վարդանյանն ամբողջ ռազմաքաղաքական համակարգն էլ վերցնի իր ձեռքը, կնշանակի, որ ողջ կառավարման համակարգը վերցրել է։ Դու պետք է նախընտրական կամպանիայի նման բաներ իրականացնես, այսինքն քո անձը կարողանաս «ռասկրուտկա» անել։ Սկզբնական շրջանում որոշեցին հանրահավաք անել, հետո չեղարկեցին։ Վարդանյանը եղավ մի քանի շրջաններում՝ Մարտունիում, Ասկերանում, և դրա արդյունքը եղավ երեկվա հանրահավաքը։

Ամենը պետք է դիտարկել ընդհանուր կոնտեքստի մեջ։ Իսկ ընդհանուր կոնտեքստի մեջ Վարդանյանը հայտարարել է, որ Արցախը պետք է լինի անկախ, Արցախը պետք է լինի Ադրբեջանի հարևանությամբ, բայց ոչ կազմում․ սա էր հանրահավաքի ընդհանուր մեսիջը», - ասաց նա։

Բադալյանը նշեց, որ Ադրբեջանի իշխանությունները հասկանում են, որ ՀՀ իշխանությունների և Արցախի նախագահի հետ համաձայեցված գործընթաց է իրականանում, որով Արցախը պետք է մնա Ադրբեջանի կազմում․ «Եվ մի ֆիգուրի հայտնվելով, որի թիկունքում բավականին ազդեցիկ պետություն է՝ ինչպիսին Ռուսաստանն է, փոխվում են «Արցախն Ադրբեջանում» խաղի կանոները։

Այ, սրա համար է Ադրբեջանը զգուշանում՝ հասկանալով, թե ով է Ռուբեն Վարդանյանը, որ երկրից ունի աջակցություն։ Ադրբեջանը շատ լավ հասկանում է, որ Արայիկ Հարությունյանն իր համար պրոբլեմ չէ, ՀՀ իշխանությունների թիմում է։

Վարդանյանը ցույց չի տալիս, որ ընդդիմանում է, բայց խաղում է այլ կաններով։ Դու կարող ես շատ հաջողություններ չունենալ, բայց երբ Ռուսաստանն Ուկրաինայում հաղթի, ապա դրանցից հետո իր ուժն ավելի կմեծանա, և այդ խաղն ամբողջովին այլ ճանապարհով է ընթանալու։ Ադրբեջանը դրանից է զգուշանում, որ պետնախարարը խախտում է խաղի գծված սցենարը»։

«Եվ այդ հանրահավաքի ամենակարևոր մեսիջն այն էր, որ պետնախարարի գալով արցախցիները չեն պատրաստվում հանձնվել։ Այսինքն՝ Վարդանյանը նորից մարդկանց դուխն է վերականգնում։ Պատերազմից հետո դուխ վերականգնելը բավականին բարդ գործ է, բայց նա կարողանում է դա անել; Իսկ Ադրբեջանը հասկանում է, որ հաջորդ քայլը կարող է լինել Արցախում «Ապրելու երկիր» կուսակցության ստեղծումը, պառլամենտի ընտրության անցկացումը։

Արդեն ուրիշ գործընթաց, ուրիշ նախարարներ կլինեն։ Ապագա նախարարները լինելու են ոչ թե Հարությունյանի, այլ Ռուբեն Վարդանյանի չակերտավոր թիմակիցները, որովհետև ոչ ոք չգիտի, թե ով կարող է գալ», - եզրափակեց քաղտեխնոլոգը։

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ