ՄԻԵԴ-ի որոշման իրականացումը վերահսկելը երկարատև գործընթաց է․ Բաքվի հույսը պրոցեսը ձգձգելն է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

1

Լաչինի միջանցքի վերաբերյալ ՄԻԵԴ որոշումը վերաբերում է հրատապ դեպքերում տեղաշարժին, ոչ թե սովորական, երբ կյանքի-մահվան հարց է։ Այս մասին 24News-ին ասաց փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հաշվի է առել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ (Կյանքի իրավունք) և 3-րդ (Խոշտանգումների արգելում) հոդվածները։ Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն ասել էր, որ ՄԻԵԴ-ը բավարարել է Լաչինի միջանցքի մասով Հայաստանի միայն երկրոդ պահանջը։

«Հայաստանը Եվրոպական դատարան երկու պահանջ էր ներկայացրել` ապաշրջափակել Լաչինի միջանցքը և ապահովել Լաչինի միջանցքով Հայաստանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդների տեղաշարժը, ինչպես նաև՝ ճանապարհին անապաստան մնացած կամ ապրուստի միջոցների կարիք ունեցող անձանց անվտանգ տեղաշարժը», - նշել էր Կիրակոսյանը։

Ըստ նրա` սխալ էր ակնկալել, որ Ադրբեջանին կպարտավորեցվի բացել Լաչինի միջանցքը, քանի որ ՄԻԵԴ–ն իր ցանկացած գործողություն կապում է կոնկրետ իրավունքի հետ` կյանքի իրավունքի պաշտպանություն, անմարդկայաին դաժան վերաբերմունքի արգելք և այլն։

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի խոսքերով, հիշյալ ադրբեջանցիներն ընդհանրապես ճանապարհ փակելու իրավունք չունեին, դա անօրինական է։ Ըստ նրա՝ ՄԻԵԴ-ի այս որոշումը վերաբերում է միայն հրատապ դեպքերին․ բնույթն է այդպիսին, առաջին հերթին՝ ճանապարհը բացելը վերաբերում է կոնկրետ այն անձանց, ում մասով տվյալներ են ներկայացվել։

Հարցին՝ եթե Ադրբեջանը չկատարի ՄԻԵԴ-ի պահանջը, ի՞նչ պատիժ է սպասվում դատարանի, Եվրոպայի խորհրդի կողմից, իրավաբանը պատասխանեց․ «ԵԽ նախարարների կոմիտեն վերահսկելու է ՄԻԵԴ որոշման կատարման ընթացքը, այնտեղ հատուկ վարույթ կա, կիսաքաղաքական գործընթաց է։ Դրա վերաբերյալ արդեն երկխոսության մեջ պետք է մտնի Ադրբեջանի հետ՝ պարզելու համար չկատարելու պատճառները։ Երկարատև գործընթաց է որոշման կատարման վերահսկողությունը։ Ադրբեջանի հույսն էլ պրոցեսը ձգձգելն է»։

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ