Երևանի փողոցներում ավտոբուսի առանձնացված գծերից մինչև մետրոյի նոր կայարան. Տիգրան Ավինյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

Տիգրան Ավինյան մետրո

Մայրաքաղաքի հիմնական փողոցներում ավտոբուսների առանձնացված գծեր ունենալու մտադրություն կա, նախագծման աշխատանքներն ամենայն հավանականությամբ կմեկնարկեն հաջորդ տարի: Ինչ վերաբերում է մետրոյի նոր՝ Աջափնյակի կայարանի կառուցմանը՝ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը վստահեցնում է՝ դա այն ծրագիրը չէ, որ պետք է երազանք մնա Երևանի համար, ամբողջական նախագիծը կլինի հաջորդ տարի, որին կհետևեն կառուցման աշխատանքները:   Տրանսպորտային ամբողջական ռեֆորմի 80-90 տոկոսը 1-2 տարում ավարտին հասցված կլինի: Ավինյանն այս և այլ հարցերի վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել «Արմենպրես»-ի հետ զրույցում:

«Այն տրանսպորտային ցանցը, որ այս պահի դրությամբ սպասարկում է Երևանին, մեղմ ասած, բավարար չէ, սպասարկման համար: Նոր ավտոբուսների գնումները որոշ չափով այդ ծանրաբեռնվածությունը կմեղմեն»,-ասաց Ավինյանը՝ հիշեցնելով սպասվող նոր խմբաքանակների մասին:

Սակայն փոխքաղաքապետն ընդգծեց, որ միայն ավտոբուսները տրանսպորտային համալիր խնդիր չեն: Դա բացի որակյալ ավտոբուսներից և նրանց սպասարկումից, ենթադրում է քաղաքում հիմնական պողոտաներում ավտոբուսի առանձնացված գծեր, հարմարեցված կանգառներ, կանգառասրահներ, էլեկտրոնային չվացուցակներ կանգառներում, մետրոյի և մնացյալ տրանսպորտային ցանցի համադրում և տոմսային միացյալ համակարգ: Այս բոլոր բաղադրիչները միասին նոր դառնում են տրանսպորտային ամբողջական ռեֆորմ:

Իսկ թե վերոնշյալ բաղադրիչները երբ կլինեն՝ Ավինյանն ասաց. «Ավտոբուսների ներկրման և գործող ավտոբուսային պարկի նորոգման տեսանկյունից հաջորդ տարի գրեթե 90 տոկոսով խնդիրը լուծած կլինենք: Այս պահի դրությամբ ունենք հայտարարված մրցույթ՝ միասնական տոմսային համակարգի համար: Այս պահի դրությամբ նախագծում ենք Աջափնյակի մետրոյի կայարանը: Ավտոբուսների առանձնացված գծերի վերաբերյալ արդեն իսկ իրականացված մի քանի քննարկում ունենք: Հաջորդ տարի կարծում եմ՝ կսկսենք նախագծման աշխատանքները: Տարբեր ժամանակամիջոցներում տարբեր լուծումներ կներդրվեն: Բայց հիմնականում 1-2 տարում ամբողջ ռեֆորմի 80-90 տոկոսը ավարտին հասցված կլինի: Եվ միայն մետրոյի կայարանն է, որի կառուցումը կպահանջի նվազագույնը 4 տարի»:

Մետոյի և մնացած տրանսպորտային ցանցի համադրումը տեղի է ունենալու հաջորդ տարվանից սկսած:

Շատ երկար տարիներ արդեն իսկ խոսվում է մետրոյի նոր կայարանի կառուցման մասին: Ավինյանը շեշտեց՝ այս տարի է միայն, որ գործնական քայլ է արվել այս ուղղությամբ: Նա նկատեց՝ մետրոյի Աջափնյակի կայարանի կառուցման հետ կապված մարդկանց մոտ թերահավատություն կա: «Կառուցվելու է վստահաբար: Նախագծին արդեն իսկ մոտավորապես 750 մլն դրամ ենք հատկացրել: Մենք ամբողջական նախագիծն արդեն հաջորդ տարի ունենալու ենք: Եվ այդ նախագծով, իհարկե կառավարության աջակցությամբ, սկսելու ենք կառուցման աշխատանքները: Մենք 2018 թվականից ենթակառուցվածքների տեսանկյունից շատ մեծ ծավալի ծրագրեր ենք իրականացրել: Եվ վստահեցնում եմ՝ մետրոյի կայարանն այն ծրագիրը չէ, որ պետք է Երևանի համար երազանք մնա»,-ասաց փոխքաղաքապետը:

Անդրադառնալով քաղաքում պարբերաբար տեղի ունեցող ինքնակամ կառույցների ապամոնտաժման աշխատանքներին և հարցին՝ արդյոք բացառապես բոլո՞ր ինքնակամ կառույցներն են ապամոնտաժվելու՝ Ավինյանն ասաց. «Այստեղ պետք է գանք նպատակներից: Եթե մենք անկանոն ուղղակի բոլոր ինքնակամ կառույցները քանդելու լինենք, կստացվի, որ մարդկանց տներ ենք քանդելու, որոնք չեն գրանցվել»:

Փոխքաղաքապետը վստահեցրեց՝ առաջնահերթությունը տալիս են այն կառույցներին, որ հասարակական տարածքներ՝ մայթեր, այգիներ են զավթել, փչացնում են քաղաքի ճարտարապետական տեսքը: Դա  հավասարապես վերաբերում է բոլոր վարչական շրջաններին: Փոխքաղաքապետն ընդգծում է՝ հանրային տարածքները, մասնավորապես կանաչ տարածքները, վերադարձնում են հանրությանը:

Ավինյանը նկատեց՝ նաև կլինի քննադատություն, սակայն նույնիսկ մարդիկ, որոնք շահագործում են այդ կրպակները, հասականում են, որ վաղ թե ուշ պետք է այդ օրը գա: «Այդ օրերն եկել են արդեն, որ հանրային տարածքները պետք է մաքրվեն»,-նշեց նա:

Իսկ Երևանի տոնական լուսավորության, պատմամշակութային արժեք ունեցող շենքերի, գարնանը սպասվող վերականգնողական աշխատանքների, ավագանու սպասվող ընտրությունների, ոչ պաշտոնական քարոզարշավ սկսելու մեղադրանքների և շատ այլ հարցերի մասին մանրամասները՝ հարցազրույցում:

--00--ԱՀ