Քաղցկեղը դատավճիռ չէ. ճիշտ ժամանակն է, որ այս կարգախոսն ամբողջովին իրականություն դառնա. Ավանեսյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

l-0x70wh-1280x746z-0.6141.jpeg

Քաղցկեղը դատավճիռ չէ. ճիշտ ժամանակն է, որ այս կարգախոսն ամբողջովին իրականություն դառնա»,- Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված հայկական ուռուցքաբանության երրորդ կոնգրեսին ողջունելով ներկաներին՝ ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նախարարը վստահեցրել է՝ արվում է ամենը, որ քաղցկեղի կանխարգելման, վաղ հայտնաբերման ու բուժման գործում Հայաստանը հետ չմնա զարգացած և ոչ մի երկրից։

2023 թվականին ճառագայթային բուժման նոր տեխնոլոգիական մասնաշենքն ամբողջովին կգործարկվի, որից հետո կարող ենք ասել, որ Հայաստանն ունի սարքավորումային լիարժեք հագեցվածությամբ ճառագայթային կենտրոն։

Քաղցկեղի հայտնաբերումն ու բուժումը ավելի հասանելի կդառնա ապահովագրական համակարգի ամբողջական ներդրումից հետո. ընդգծել է Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ հիմա էլ մեր երկրում անվճար է չարորակ նորագոյացությունների վիրահատական միջամտությունը, բայց մի շարք հետազոտությունների, քիմաթերապևտիկ դեղերի, բարորակ նորագոյացությունների վիրահատության համար դեռևս վճարում է պացիենտը։

Ուռուցքաբանության ամենամյա կոնգրեսի բացմանը Վ․Ա․ Ֆանարջյանի անվան ազգային ուռուցքաբանության կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը ներկայացրել է ոլորտի վերջին ձեռքբերումները, խոսել ճառագայթային ուռուցքաբանության մեծ առաջընթացից ու էնդոսկոպիկ վիրահատությունների հաջողություններից։

Մանուկյանը շեշտել է, որ Հայաստանում քաղցկեղի բուժումը համարյա չի զիջում զարգացած երկրներում առաջարկվող բուժումից, և հավելել, որ շատ մոտ ապագայում այլևս չի ասվելու՝ «համարյա»։

Հայկական ուռուցքաբանության ամենամյա կոնգրեսին ներկա լինելու համար Ռուսաստանից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Իրանից, Եվրոպական երկրներից Հայաստան ժամանած անվանի ուռուցքաբանները հայ բժիշկների հետ երկու օր մասնակցելու են գիտական քննարկումների, անցկացվելու են վարպետության դասեր։

--00—ԶՀ