Արցախի սահմանամերձ վայրերի բժիշկները վերապատրաստվել են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24news

Արցախ

2022թ. դեկտեմբերի 12-ին կյանքի ճանապարհի շրջափակումից հետո, Արցախում աշխատող բժիշկների մասնագիտական զարգացման ծրագրերը կազմակերպվում են հեռավար ձևաչափով առաջատար մասնագետների ներգրավմամբ, հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը․ 

Մասնավորապես, ԱՀ առողջապահության նախարարության և Հայ օգնության ֆոնդի համագործակցության շրջանակներում 2023թ. մայիս ամսին կազմակերպվեց մանկաբուժության արդի հարցերի վերաբերյալ 6 օրյա դասընթաց, որին մասնակցեցին Արցախում աշխատող շուրջ 20 մանկաբույժները, իսկ դրան հաջորդած 7 օրյա դասընթացը` ոչ վարակային հիվանդությունների կանխում և խորացված էլեկտրասրտագրություն թեմայով, ամբողջությամբ ընդգրկեց առողջության պահպանման առաջնային օղակի մասնագետներին: Երկու դասընթացներն էլ կրեդիտավորված են և մասնակիցները ստանալու են Շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտներով վկայականներ:

Հայ օգնության ֆոնդը ՀՀ «Արաբկիր» Բժշկական Համալիր-Երեխաների և Դեռահասների Առողջության Ինստիտուտի բուժքույրական թիմի հետ ձևավորեց 15-օրյա դասընթաց` հիվանդանոցների ավագ բուժքույրերի համար, հաշվի առնելով նրանց կարևոր դերը հիվանդանոցներում բուժքույրական գործի ճիշտ կազմակերպման հարցում: Վերջինս հատկապես կարևոր է արտակարգ իրավիճակներում, այդ իսկ պատճառով ծրագրի առաջնահերթ թիրախ են հանդիսանում Արցախի սահմանամերձ վայրերի հիվանդանոցներում աշխատող ավագ բուժքույրերը: Դասընթացը խառը ձևաչափի է, ունի տեսական /5 օր/ և գործնական /10 օր/ բաղադրիչներ, որնք կրեդիտավորված են ՇՄԶ կրեդիտավորման համակարգով:

Ծրագիրը շարունակական է և անընդհատ նոր բաղադրիչներ է ընդգրկելու` Արցախում աշխատող բուժքույրերին մասնագիտական առավելագույն զարգացում ապահովելու նպատակով: Դասընթացները լինելու են շարունակական, և վերաբերվելու են բոլոր մնացած մասնագիտություններին ևս:

--00—ՍՊ