Հակարիի կամրջի մոտ դրոշ դնելիս իրենցից 2 հոգի վիրավորվել է, հետ են գնացել ու հետո պուշկով կրակել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24News

1

«Մեր գյուղի ներքևի հատվածում էր, ձայները լսում էինք, պուշկով, բանով կրակում էին, հրետանի էր աշխատում»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Տեղ համայնքի նախկին ղեկավար Արգամ Հովսեփյանը՝ անդրադառնալով այսօր առավոտյան Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած միջադեպին, որտեղ ադրբեջանցիները առաջխաղացման փորձ էին իրականացրել՝ դրոշ տեղադրելու նպատակով։

Առաջխաղացման մասին լուրերի վերաբերյալ էլ Հովսեփյանն ասաց, որ դա Կոռնիձորի հատվածում է եղել․ «Հակարիի կամրջի մոտ փորձել են անցնել՝ դրոշ դնել դեպի մեր կողմ, մերոնք կրակել են, իրենցից 2 հոգի վիրավորվել է, թողել հետ են գնացել, հետո սկսեցին պուշկով կրակել ու լռեցին»,- մանրամասնեց Հովսեփյանը։

Համայնքի նախկին ղեկավարը նաև հայտնեց, որ կրակոցների պահին, անվտանգությունից ելնելով, մանկապարտեզից երեխաներին են դուրս բերել, իսկ այս պահին կրակոցներ չկան, ամեն ինչ նորմալ է։

Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցն էլ առաջխաղացման մասին լուրերը ապատեղեկատվություն ու մանիպուլիացիա որակեց․ «1սմ անգամ առաջ չեն եկել, մի քանի անգամ կրակել են՝ դրոշի հետ կապված, դա էլ եղել է Կոռնիձորի տակ՝ Հակարիի կամրջի մոտ, մեզ մոտ ամեն բան նորմալ է․ ինչի ի՞նչ է եղել»,- ասաց Ղուլունցը։

Մենք կապ հաստատեցինք նաև Կոռնիձոր համայնքի ղեկավար Արշակ Կարապետյանի հետ, վերջինս նշեց․ «Ես առավոտից հանդերում եմ գյուղատնտեսական աշխատանքներով եմ զբաղված, գյուղ չեմ իջել, ձեզանից եմ իմանում էդ առաջխաղացման մասին, գյուղում՝ գյուղացիները տենց բաներ չեն խոսում»,- ասաց Կարապետյանը։

Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 15-ին՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով: Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման և ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու փորձը կանխվել է: Ինչպես նաև ժամը 13:35-ին, Տեղի հատվածում Ադրբեջանի ԶՈւ կրակի հետևանքով վիրավորում էր ստացել ԱԱԾ սահմանապահ ծառայության զինծառայող:

Մերի Մանուկյան

--00—ԱՊ