4 պատերազմների մասնակից հրամանատարի աճյունը արտաշիրիմել են ցանկանում. ընտանիքն ահազանգում է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News

1

Շիրմաքարը իրենց պահանջած ստանդարտներից մի քիչ մեծ է, դրա համար է «Եռաբլուրի» հրամանատարությունն ասում՝ ապամոնտաժեք, կամ եթե չեք ուզում քարին ձեռք տալ, արտաշիրիմում արեք։ Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց նախորդ տարվա սեպտեմբերին Ջերմուկում զոհված Մանվել Խաչատրյանի դուստրը՝ Ռուզաննա Խաչատրյանը, որի հոր շիրմաքարն այսօր ցանկացել են ապամոնտաժել։

«Քարը՝ 20 սմ իրենց ասած ստանդարտներից մեծ է, մենք դիմում էինք գրել, որ ՊՆ-ն թույլ տա մենք մեր միջոցներով տեղադրենք շիրմաքարը, զեկուցագրով էլ հաստատված էր։ Ես շրջել եմ «Եռաբլուրով» ու տեսել եմ, որ էնտեղ ստանդարդներ կան, որոնք պահպանված չեն, ուղղակի չեմ ուզում մատնանշել, որովհետև սխալ է, որոշեցինք, որ, եթե չափերով մեծ լինի քարը, ոչ մի խնդիր չի լինելու»,- մանրամասնում է Ռուզաննա Խաչատրյանը։

դ

Ռուզաննայի խոսքով, ետևի նկարը ընդհանուր հասակով նկար է ու քանի որ Մանվել Խաչատրյանի վիրավորումը ոտքերից է եղել, ցանկացել են, որ իրենց հոր նկարը լինի բարձրահասակ վիճակում․ «Մենք ուզել ենք շիրմաքարի հետևի նկարը կանգնած լինի, որ ինքը մեր հիշողություններում միշտ կանգնած լինի»,- բացատրում է Ռուզաննան։ «Այդ քարի չափսը 1․75 սմ է, հիմա մենք ուզում ենք իրենց հետ համաձայնության գալ, որ գոնե 1․70 լինի, իրենք ասում են՝ չէ՛, 1․60 սարքեք, էդ դեպքում քարը կվնասվի»,- ասաց զոհվածի դուստրը։

Հարցին, իսկ ինչու՞ մինչև հունիսի 11-ը Մանվել Խաչատրյանը շիրմաքար չի ունեցել, Ռուզաննան մանրամասնեց․ « Տեսեք, մենք ի սկզբանե հրաժարվել էինք «տումբայից» և տապանից, նկարաքարից՝ չէ՛։ Իրենք պետք է նկարաքարը տեղադրեին, որ մենք էլ բերեինք ապակե շրջանակը դնեինք ու իրենք մինչև մարտի 21-ը չէին տեղադրել նկարաքարը, մենք ընտրել էինք սպիտակ քար, ընթացքում տեսանք, որ հետքեր են առաջանում՝ քարը անորակ էր, որոշեցինք դիմում գրել՝ մենք մեր միջոցներով քարը տեղադրել, արդեն հունիսի 11-ին պապայի շիրմաքարը տեղադրեցինք»։

Ռուզաննան նշում է, որ տեղադրելու ժամանակ իրենց որևէ բան չեն ասել ստանդարտների մասին․ «Էդ ժամանակ, որ տեղադրեցինք, մոտեցան ու ասեցին, որ մեզ պետք է տեղյակ պահեիք, որ բերում եք տեղադրեք, մենք էլ ասեցինք, որ մեզ ոչ ոք դրա մասին ոչինչ չի ասել։ Խոսեցինք, համաձայնության եկանք, որ քարը տեղադրենք։ Էդ նույն օրը, երևի 21։30-ի կողմերը զանգեցին ասեցին՝ չափերով մեծ է, պետք է ապամոնտաժեք, խնդրեցինք, որ գոնե 15 օր ժամանակ տան, որ ՊՆ դիմում գրենք, թույլտվություն տան, որ քարը էդ տեսքով մնա՝ 10-20 սմ-ի համար, ճի՞շտ է, որ 4 պատերազմների մասնակից հրամանատարի աճյունը արտաշիրիմում արվի»,- ասաց Ռուզաննան։

«Ես ամսի19-ին դիմում եմ ներկայացրել պաշտպանության նախարարություն ու մինչև այսօր պատասխան նամակ չի եկել։ Բացի դրանից, երեկ երեկոյան ժամը 22։00-ի կողմերը զանգեցին ու ասեցին՝ այսօր վերջին օրն է, եթե թույլտվությունը չեք ստացել, կա՛մ քարը չեք փոքրացնում, ուրեմն մենք ապամոնտաժում ենք։ Ասեցի՝ գոնե սպասեք դիմումիս պատասխանը գա, ասեցին՝ մենք գիտենք միևնույն է ՝ մերժելու են, իմաստը ո՞րն է սպասեն»,- մանրամասնեց Ջերմուկում զոհված Մանվել Խաչատրյանի դուստրը։

Իսկ թե արտաշիրիմում իրականացնելու դեպքում որտե՞ղ կհուղարկավորեն Ջերմուկում զոհված Մանվել Խաչատրյանին, դուստրը դժվարացավ պատասխանել, միայն վրդովված ասաց․ «Եթե էդ մարդուն Եռաբլուրում 1 մետր հող չի հասնում, ես էլ չգիտեմ ինչ ասեմ»։

Մերի Մանուկյան

 

--00—ԱՊ