Հայտնաբերվել է ԱՄՆ դեսպանատան կեղծ համարանիշներով BMW X5

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News

9e043cd1-1694-43cd-bc58-a215f8ef4906.jpg

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 27-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժնում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանում BMW X5 մակնիշի ավտոմեքենա է շրջում, որի վրա տեղադրված դիվանագիտական համարանիշները կեղծ են։



Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կարճ ժամանակում ՊԾ Երևանի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները Շենգավիթ վարչական շրջանում հայտնաբերում են նշված BMW X5-ը, որից հետո ժամանած Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպեր լիազորները վարորդին՝ կեղծիք կատարելու կասկածանքով տեղափոխում են Ոստիկանության Մալաթիայի բաժին։



Արդեն տեղում վարորդը՝ Երևանի բնակիչ 42-ամյա Կարեն Պետրոսյանը հայտնում է, որ «ԱՄՆ դեսպանատան 01 D 011 AM համարանիշները, որոնք կեղծ են, գտնվում են իր ավտոմեքենայի բեռնախցիկում»։



Դեպքի փաստով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ 



Ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։ 

 

--00—ԶՀ