Երեկ վերսկսվեց «ՀայաՔվե»-ի ստորագրահավաքը, և օրն անսովոր թեժ էր. Չալաբյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 11, 24news

հայաքվե-4

«ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երեկ վերսկսվեց «ՀայաՔվե»-ի ստորագրահավաքը, և օրն անսովոր թեժ էր: Գործող իշխանության հետևորդները փորձեցին սադրանք կազմակերպել Մարտունիում, տարբեր վայրերում սկսվել են ադմինիստրատիվ ճնշումները պետական սեկտորի աշխատակիցների վրա, իշխանամերձ լրատվամիջոցներում շարունակվում է անհեթեթ քարոզը, որ «ՀայաՔվեն» կարող է նոր պատերազմի բերել (այստեղ հատուկ աչքի է ընկնում տխրահռչակ Վահագն Ալեքսանյանին պատկանող civic.am կայքը), ստորագրահավաքին միացող մարդկանց նույնիսկ որոշ տեղերում փորձել են հետ պահել մասնակցությունից կամ էլ համոզել հետ վերցնել իրենց տված ստորագրությունները։

Չնայած գործող իշխանության այս բոլոր ճնշումներին և քստմնելի հնարքներին, «ՀայաՔվե»-ն ողջ թափով շարունակվում է: Երեկ մենք քվեարկության նոր կենտրոններ բացեցինք Հայաստանի ևս 5 համայնքներում՝ Ալավերդիում, Նոյեմբերյանում, Բերդում, Վարդենիսում և Արթիկում, ամենուր առաջին իսկ օրից քաղաքացիների մեծ ակտիվություն է, գործող կետերում քաղաքացիների ակտիվ մասնակցությունը նույնպես շարունակվում է, երեկվա ընթացքում «ՀայաՔվե»-ին էին միանում բազմաթիվ ճանաչված մարդիկ, որոնք պարզ և աներկբա մի հիմնավորում էին բերում՝ «Պարզունակ և կեղծ են բոլոր հակափաստարկները, իսկ «ՀայաՔվե»-ն այլընտրանք չունի»:

«ՀայաՔվե»-ն, իսկապես, այլընտրանք չունի, այն ստորագրահավաքի ավարտից հետո էլ դառնալու է մեր կյանքի մասը, որպես համագործակցության նոր մշակույթ և պատասխանատու նոր գործելաոճ, քաղաքացիական համերաշխության նոր միջավայր, և մեր երկրի անցյալը, ներկան ու ապագան կապող նոր կամուրջ: Շնորհակալ եմ յուրաքանչյուրին, ով արդեն միացել է «ՀայաՔվե»-ին, դրանով արժևորել և իմաստավորել մեր ամենօրյա ծանր աշխատանքը, և ուրախությամբ սպասում եմ բոլոր նրանց, ովքեր պատրաստ են միանալ մեր համազգային շարժմանը»:

--00—ՅՄ