Բարձրախոսերով և ԱԹՍ-ներով իրականացվում են հանրային իրազեկման աշխատանքներ․ ՆԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 16, 24news

361600019_224899033839540_3654989059183722241_n

Հուլիսի 16-ին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության ենթակա ստորաբաժանումները հանրապետության ողջ տարածքում իրականացնում են ուժեղացաված ծառայություն՝ «Վարդավառի» տոնական միջոցառումներով պայամանավորված:

Ծառայություն իրականացնող ստորաբաժանումների մարտունակությունը ստուգելու նպատակով Կոտայքի և Գեղարքունիքի մարզի տարածքում տեղակայված հենակետերում աշխատանքային շրջայց իրականացրեց ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Եգոր Կարապետյանը:

Տնօրենի տեղակալը տեղում հետևեց ծառայության ընթացքին, անձնակազմի և տեխնիկայի համալրվածությանը, հենակետերում հերթապահություն իրականացնող անձնակազմին տվեց հստակ ցուցումներ և հանձնարարականներ:

Քաղաքացիների անվտանգ հանգիստն ապահովելու նպատակով ՆԳՆ փրկարար ծառայությունը ուժեղացված ծառայության է ներգրավվել 296 փրկարարական ծառայող, որից 42 ջրափրկարար՝ Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատից և ՀՆՓԱԻ կենտրոնից, 65 տրանսպորտային միջոց, 10 ջրափրկարարական մոտորանավակ, անօդաչու թռչող սարքեր:

Միջոցառման շրջանակներում ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 16 մարտական հաշվարկ Երևանի բոլոր վարչական շրջաններում իրականացնում է հուշարձանների լվացման և մաքրման աշխատանքներ։

Ինչպես Երևան քաղաքում, այնպես էլ հանրապետության բոլոր մարզերում փուչիկներով զարդարված հրշեջ-մեքենաները մասնակցում են միջոցառումների անցկացմանը և ջրցողման արարողությանը՝ միաժամանակ ապահովելով նաև քաղաքացների անվտանգությունը:

Լողափերում և անտառամերձ տարածքներում շարունակվում են փրկարարների շրջայցերը. բարձրախոսերով և անօդաչու թռչող սարքերով պարբերաբար իրականացվում են հանրային իրազեկման աշխատանքներ:

--00—ՅՄ