Անօդաչու թռչող սարքի միջոցով փորձ է արվել արգելված իրեր փոխանցել «Սևան» ՔԿՀ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

sevan-1

ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի և Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Սևան» տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով նույն տարածքային բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունները, ապրիլի 9-ին՝ ժամը 13։30-ի սահմաններում, իրականացրել են հիմնարկի արտաքին տարածքի զննություն։

Տեղազննության արդյունքում երկու դիտաշտարակների միջնամասից հայտնաբերվել է անօդաչու թռչող սարքով նետված փաթեթ, որի ծայրին ամրացված է եղել որպես կախիչ ծառայող մետաղական օղակ։

Փաթեթում առկա են եղել 2 բջջային հեռախոս, 35 հատ լիրիկա տեսակի հոգեմետ դեղապատիճ։ Բացի այդ՝ փաթեթում հայտնաբերվել են 7,3 գրամ քաշով, բաց դարչնագույն, փխրուն զանգվածներ, 11,3 գրամ քաշով, սպիտակ, բյուրեղանման և  18,4 գրամ քաշով, կանեփանման, դեղնականաչավուն, բուսական զանգվածներ։

Հայտնաբերվածներն ուղարկվել են ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչություն։

--00—ՅՄ