Եթե «Հանրային ձայնը» փոխքաղաքապետի պաշտոն ակնկալեր, կլիներ, մրցույթով նշանակվող պաշտոն էին ուզում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

քք

Սեպտեմբերի 17-ի Երևանի քաղաքապետի ընտրություններից հետո այսօր կայացավ ավագանու անդրանիկ նիստը, որի ընթացքում քաղաքապետ ընտրվեց ՔՊ-ի և առաջադրված միակ թեկնածուն՝ Տիգրան Ավինյանը։ Թեմայի հետ կապված 24News-ը զրուցել է «Ազգային առաջընթաց» կուսակցության ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանի հետ։

-Տիկին Աբգարյան, մանդատները վերցնելու՞ եք, թե ոչ։

-Մենք բոլորս մանդատները վերցրել ենք։ Այսօր մենք պետք է հանդիպում ունենայինք, պարզապես ես այս պահին քաղաքից դուրս եմ գտնվում։ Պիտի հասկանայինք մյուս նիստին մենք ի՞նչ ենք անում, որովհետև շատ բան կախված էր հենց այսօրվանից։

-Այդուհանդերձ, սպասելի՞ էին այսօրվա իրադարձությունները Ձեզ համար։

-Իհարկե՛, սպասելի էին։ Ես չեմ կարող ասել, որ մենք շոկի մեջ ենք, որովհետև, երբ սկսվեց մեզ համար անհասկանալի առևտուրը, խոսքը «Հանրային ձայնի» մասին է, երբ դրվեցին պայմաններ, որոնք ո՛չ լեգիտիմ էին, և ո՛չ էլ օրինական ու չէին կարող իրականացվել, արդեն իսկ այդ պահից էլ կարելի էր հասկանալ, որ ամեն ինչ արվում էր հօգուտ ՔՊ-ի։ Հետագայում, երբ տվյալ ուժի կողմից քաղաքական հայտարարություններ էին արվում ուղիղ եթերների ժամանակ, պարզ դարձավ, որ իրենց համար ավելի քիչ չարիք է ընտրել ՔՊ-ին՝ Ավինյանի գլխավորությամբ։

-Տիկին Աբգարյան, բայց արդյո՞ք լեգիտիմ չէր «Հանրային ձայնի» կողմից բարձրացված հարցերն ու պահանջները։ Ամեն բան փոխվեց, երբ Հայկ Մարությանը հրաժարվեց որևէ գործարքի գնալ, որևէ պայմանավորվածություն ձեռք բերել, ասաց՝ պարզապես գնացեք և ընտրեք ինձ, այդ պահից սկսած՝ իրադարձություններն այլ կերպ զարգացան։

-Այն պայմանը, որը առաջադրվել էր, իրագործելի չէր, որովհետև խոսքը գնում է մի պաշտոնի մասին, որը մրցութային է։ Օրինակ, եթե ուզեր փոխքաղաքապետի պաշտոն, դա իրագործելի կլիներ, բայց այն պաշտոնը որը ցանկանում էին, դա տալ հնարավոր չէր։ Եթե Հայկ Մարությանը նման համաձայնություն տար, շատ հանգիստ մյուս ուժերը կարող էին կոռուպցիայի ու օրենքները շրջանցնելու մեջ մեղադրեին, որովհետև այդ պաշտոնի ստանձնումը ենթադրում է մրցութային կարգ։

-Այսինքն դուք մտավախություն ունեի՞ք, որ կարող են մյուս ուժերը չքվեարկել «Հանրային ձայնի» ավագանու օգտին և անցանկալի իրավիճակը ստեղծվեր։

-Հարցը նրանում է, որ այդ ուժն ի սկզբանե դրել էր պայման, որն օրենքի տեսանկյունից անիրագործելի էր, այսինքն՝ դրդում էին օրենք խախտել, ինչն էլ մեզ թույլ է տալիս ենթադրել, որ այդ ուժն ի սկզբանե մտադիր չէր որևէ կերպ աջակցել, որպեսզի Հայկ Մարությանը դառնա քաղաքապետ։

-«Քաղաքացիական պայմանագիր»-«Հանրապետություն» կոալիցիա կազմելու մասին ի՞նչ կարող եք ասել։

-Պատմությունը շատ լավ հիշում է ՕԵԿ-ին, ովքեր շատ թունդ ընդդիմադիր ելույթներ էին ունենում քարոզարշավների ժամանակ, բայց միշտ սպասարկում էին նույն անձանց շահերը, այստեղ էլ մեծ հաշվով զարմանալու բան չկա։

Մերի Մանուկյան

 

--00—ԱՊ