Ժողովրդավարությունը Հայաստանում շարունակել եւ շարունակում է ստանալ  ուժեղ հարվածներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17,24News 

նկ

2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում որեւէ մակարդակի որեւէ ընտրության որեւէ արդյունք չի նենգափոխվել եւ եթե 6 տարի առաջ մարդիկ ծիծաղով կվերաբերվեին ընտրությունների միջոցով իշխանություն ձեւավորելու իրենց իրավունքի մասին պնդումներին, հիմա լավ չեն հասկանա, թե ինչ ասել է ընտրությունների արդյունքների կեղծում կամ նենգափոխում: Ահա սա է փոխվել վերջին 5 տարիներին Հայաստանի Հանրապետությունում:  Այս մասին Եվրախորհրդարանի լիագումար նիստում իր ելույթի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Բայց ժողովրդավարությունը Հայաստանում շարունակել եւ շարունակում է ստանալ  ուժեղ հարվածներ, որոնք գործում են գրեթե ճշգրտորեն կրկնվող սցենարով. արտաքին ագրեսիա, ապա անվտանգության ոլորտում Հայաստանի դաշնակիցների անգործություն, ապա պատերազմական կամ հումանիտար իրավիճակը կամ արտաքին անվտանգային սպառնալիքը Հայաստանի ժողովրդավարությունն ու ինքնիշխանությունը տապալելու նպատակով օգտագործելու փորձեր, որն արտահայտվում է հիբրիդային տեխնոլոգիաներով ներքին անկայունություն հրահրելով՝ ուղղորդված արտաքին ուժերի կողմից:

Նման իրադրություններ 2020 թվականից ի վեր մի քանի անգամ ենք ունեցել, որոնցից խոշորագույնը Ադրբեջանի լայնածավալ հարձակումն էր Հայաստանի վրա՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին, որի հետեւանքով Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացիա տեղի ունեցավ:

Նմանօրինակ ամենաթարմ եւ ամենաողբերգական դեպքերը տեղի ունեցան բոլորովին վերջերս, երբ Ադրբեջանը, ի կատարումն էթնիկ զտումների իր երկարամյա քաղաքականության, լայնածավալ հարձակում իրագործեց Լեռնային Ղարաբաղի վրա: Այն ժամանակ, երբ հարյուր հազար հայերը Լեռնային Ղարաբաղից փախչում էին Հայաստանի Հանրապետություն, անվտանգային ոլորտի մեր դաշնակիցները մեզ ոչ միայն չէին օգնում, այլեւ Հայաստանում իշխանափոխություն անելու, ժողովրդավարական իշխանությունը տապալելու հրապարակային կոչեր էին հնչեցնում:

Բայց Հայաստանի Հանրապետության ժողովուրդը համախմբվեց հանուն սեփական անկախության, ինքնիշխանության, ժողովրդավարության եւ մեր պետության դեմ նյութված հերթական դավադրոթյունը ձախողվեց: Հայաստանի Հանրապետության կառավարությունն ու ժողովուրդը համախմբվեցին Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների զոհ դարձած ավելի քան 100 հազար հայերին ընդունելու, ապաստան տալու խնդրի լուծման շուրջ եւ պետք է արձանագրեմ, որ մենք այդ գործը պատվով կատարեցինք:

Այն աստիճան, որ միջազգային մեր գործընկերները խոստովանում են, որ իրենք չեն տեսել մի դեպք, երբ մեկ շաբաթում մի երկիր 100 հազար փախստական մտնի եւ այդ երկիրը կարողանա բոլորին ընդունել առանց փախստականների ճամբարներ եւ վրանային ավաններ հիմնելու:

--00--ԼՀ