ԱԺ-ում քննարկվել են բենզինի եւ հեղուկ գազի վաճառքով զբաղվող ընկերությունների խնդիրները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

աժ.

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` ապրիլի 4-ին կազմակերպած աշխատանքային քննարկման օրակարգում բենզինի եւ հեղուկ գազի վաճառքով զբաղվող ընկերությունների խնդիրներն էին: Քննարկմանը մասնակցում էին վառելիքի  վաճառքով զբաղվող ընկերությունների, ոլորտի հետ առնչվող պետական մարմինների ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի տեղեկացմամբ դեռեւս փետրվարի 5-ին հանդիպել  էին  ոլորտի տնտեսվարողների հետ եւ քննարկել տարբեր հարցեր, որոնց մեծ մասը կապված է եղել գործող կարգավորումների հետ: Վառելիքի լիցքավորմամբ զբաղվող տնտեսվարողները  ներկայացրել էին   առաջարկներ եւ դժգոհություններ: «Պարզ դարձավ, որ խնդիրը կապված է ոչ թե տեսչական մարմինների հետ, այլ այն կարգավորումների, որոնց հիման վրա տեսչական մարմիններն աշխատում են»,- ասել է Բաբկեն Թունյանը եւ հավելել, որ այսօրվա  հանդիպումը միտված է համապատասխան մարմինների ներկայացուցիչների հետ վերստին քննարկելու խնդիրները: «Հույս ունենք, որ այս հանդիպումը կավարտվի ավելի առարկայական եզրահանգումներով»,- ասել է նա:

Տնտեսվարողների ներկայացուցիչ Արա Հովհաննիսյանը հայտնել է՝  խնդիրն այն է, որ ոլորտի գործունեության սկզբից ի վեր Հայաստանում առկա է այն իրավիճակը, որը գրեթե չի համապատասխանում միջազգայնորեն ընդունված կարգերին, ձեւերին եւ նորմերին: «Այսօր իրողությունն այն է, որ ունենք բազմաթիվ՝ սեփականության վկայական ունեցող, շինարարական եւ համապատասխան բոլոր  թույլտվություններով կառուցված ավելի քան 20-30 տարի շահագործվող  օբյեկտներ, որոնք այսօր փակման վտանգի տակ են, քանի որ կիրառվում են մի քանի շինարարական նորմեր եւ կանոններ, որոնք անթույլատրելի են դարձնում համապատասխան տեսչական մարմնի կողմից տվյալ օբյեկտի գործունեությունը»,- ասել է նա: Արա Հովհաննիսյանը փոխանցել է տնտեսվարողների առաջարկը, այն է՝ վերանայել գործող շինարարական կանոնները եւ նորմերը, որ արդյունքում լինի այնպես՝ հնարավոր լինի տարանջատել գոյություն ունեցող եւ գործող օբյեկտը նոր կառուցվող եւ նախագծվող օբյեկտից: Ըստ նրա՝ 40-50 տարի առաջ մշակված նորմերն այլեւս արդիական չեն տեխնոլոգիական եւ այլ առումներով:

Ելույթ ունեցողը ներկայացրել է միջազգային փորձը, նշել, որ այսօրվա վառելիքը որակապես տարբերվում է մի քանի տասնյակ տարի առաջ եղած  վառելիքից, հետեւաբար բենզալցակայաններին ներկայացվող պահանջները  պետք է համապատասխան լինեն: Ըստ նրա՝  վառելիքի վաճառքով զբաղվող օբյեկտների գործունեության արդյունքում այսօր 100 մլրդ դրամ մուտք է լինում պետբյուջե:  Նշվել է, որ բենզալցակայանների մեծ մասում առկա է մեկ հրշեջ ջրածորան (հիդրանտ), սակայն պահանջվում է ունենալ երկուսը, ինչը խնդրահարույց է՝ ըստ տնտեսվարողների: Նշվել են  նաեւ  այլ պահանջներ:

Պետական մարմինների ներկայացուցիչները բարձրաձայնել են իրենց  կառույցների  դիրքորոշումները, ինչպես նաեւ օրենսդրական այն պահանջները, որոնց պետք է համապատասխանեն ոլորտի կարգավորումները: Փաստարկվել է երկրորդ հիդրանտի կարեւորությունն անվտանգության ապահովման տեսանկյունից:

«Հայնախագիծ» ԲԲԸ տնօրենի խորհրդական Սաշուր Քալաշյանի խոսքով քաղաքաշինական նորմերը մի նպատակ ունեն. ապահովել բնակչության, մարդու ապրելու եւ  արարելու անվտանգ միջավայրը: Նրա խոսքով ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ վերջին 20 տարիներին բենզալցակայանների մեծ մասը գործել է հախուռն կերպով, շատ անգամ առանց թույլտվության կամ սխալ թույլտվությամբ, այնուհետեւ, երբեմն անօրինական կերպով, ստացել կադաստրային գրանցում: «Բոլոր դեպքերում, բենզալցակայանների անվտանգությունը պետք է ապացուցվի կամ հիմնավորվի օրենքով, գիտականորեն՝ նկատի ունեմ: Գիտականորեն հասկացվի, վերլուծվի եւ որոշում կայացվի»,- ասել է նա:

Ամփոփելով քննարկումը՝ հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը նշել է՝  պետք է այնպես անել, որ հաշվի առնվեն ե՛ւ տնտեսվարողների շահերը, ե՛ւ քաղաքացիների անվտանգության ապահովման հարցերը:

Որոշվել է համապատասխան կառույցի համակարգմամբ շարունակել հարցի քննարկումը՝ նպատակ ունենալով վերանայել ոլորտի կանոնակարգումները:

--00—ԼՀ