ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է Ասիական Զարգացման բանկի պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News

Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը՝ բանկի հայաստանյան մշտական առաքելության փոխտնօրեն Լյուկ Ֆոչմանի գլխավորությամբ։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից:

Ողջունելով հյուրերին՝ Արփինե Սարգսյանը կարևորել է աղետների ռիսկի կառավարման ոլորտում Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությունը և ներկայացրել դեռևս 2023 թ. հոկտեմբերի 5-ին Կառավարության որոշմամբ հաստատված՝ Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թթ. ռազմավարությունը և 2023-2026 թթ. գործողությունների ծրագրով սահմանված միջոցառումները։

Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ նոր ռազմավարության հաստատմամբ աղետների ռիսկի նվազեցումից անցում է կատարվել աղետների ռիսկի կառավարմանը՝ սահմանելով ոլորտի դերակատարների իրավասությունները և ստեղծելով կառավարման նոր մոդել:

Նա կարևորել է համապետական մակարդակում հնարավոր սեյսմիկ ռիսկի ինդեքսավորման գործընթացը և դրանց հաշվառմամբ սեյսմիկ անվտանգության ոլորտի նորմերի մշակմանն ուղղված աշխատանքները։

Այդ ուղղությամբ իրականացված և նախատեսվող միջոցառումների մասով փոխնախարարը կարևորել է քաղաքաշինության ոլորտը կարգավորող նորմերի լրամշակման գործընթացը՝ հաշվի առնելով գործող միջազգային չափանիշները և լավագույն փորձը:

Խոսելով ՆԳ նախարարի գլխավորությամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի գործունեության մասին՝ Արփինե Սարգսյանը մատնանշել է կազմի ներառականությունը. խմբում ներգրավված են բոլոր շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչները։

Նա անդրադարձել է նաև սեյսմիկ անվտանգության ոլորտի նորմերի պահպանման վերաբերյալ հանրային ընկալումներին՝ ընդգծելով բնակչության իրազեկման մակարդակի բարձրացման և պատրաստվածության կարևորությունը։

Պատվիրակության անդամները ներկայացրել են «Հայաստանում սեյսմիկ անվտանգության բարելավման և հանրային ենթակառուցվածքների կառավարման ֆինանսավորման ռազմավարության մշակում» ծրագրի խնդիրներն ու նպատակները։

Նրանք անդրադարձել են ծրագրի շրջանակներում Հայաստանում սեյսմիկ անվտանգության ոլորտում կատարված աշխատանքներին, մասնավորապես՝ 46 դպրոցների վերակառուցմանը և համայնքներում հանրային իրազեկման միջոցառումներին:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել սեյսմիկ անվտանգության ոլորտում հավակնոտ և համապարփակ ռազմավարական փաստաթուղթ ունենալու շուրջ, և այդ ուղղությամբ ՆԳ նախարարությունը պատրաստակամություն է հայտնել համակարգել գործընթացն ու միջգերատեսչական արդյունավետ համագործակցությամբ ապահովել ռազմավարական մոտեցումների իմպլեմենտացումը։

--00—ԼՀ