Կոչ ենք անում վարչապետին զերծ մնալ արկածախնդրական քայլերից․ «Ժառանգություն»

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 21, 24News

ժառանգություն

Հայաստանում դատական բարեփոխումների հրամայականն անկասելի է: Այդ մասին հայտարարություն է տարածել «Ժառանգություն» կուսակցությունը: Հայտարարությունը՝ ստորև․

««Ժառանգություն» կուսակցությունը, հետևելով հայաստանյան ներկա վտանգավոր զարգացումներին, ցավով արձանագրում է , որ այս կարևորագույն գործընթացը իշխանությունը դարձյալ ստորադասում է  իր մարտավարական շահերին: Առաջնորդելով դատարանների դռները փակելու անհեռանկար եւ վտանգահարույց գործողությունը եւ հանրային աջակցություն չստանալով՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը սկսում է անցումային արդարադատության մեխանիզմների ներդրումը խորհրդարանի հետ միասին, պատրաստ է անգամ սահմանադրական փոփոխությունների, եթե դրա անհրաժեշտությունը լինի:

Քաղաքականապես անհասկանալի է, թե ինչն էր նրան խանգարում այս կարեւորագույն խնդիրներին լուծում տալ անցած մեկ տարվա ընթացքում: Գրեթե մեկ տարի հայաստանյան քաղաքական դաշտում բարձրաձայնում էին այս հիմնարար դրույթները, իսկ այժմ դարձյալ փորձ է կատարվում միանձնյա որոշումներ ընդունել՝ շրջանցելով անհրաժեշտ  քաղաքական եւ հանրային քննարկումների փուլը, ինչը հղի է ներքաղաքական ցնցումների եւ նենգադուլների հետագա կրկնություններով:

«Ժառանգություն»-ը համոզված է, որ  միանձնյա, փողոցային պայքարի՝ դիպվածային և կասկածելի օրինականություն ունեցող քայլերով ու կարգախոսներով անցումային արադարադատության մեխանիզմներ ներդնել անհնար է. դրանց հաջող գործարկման համար հանրային-քաղաքական ներգրավվածությունը և համերաշխությունը պարտադիր պայման են:

Կոչ ենք անում վարչապետին զերծ  մնալ  արկածախնդրական քայլերից, որոնք վտանգում են ՀՀ միջազագային հեղինակությունը՝ որպես ժողովրդավարական և իրավական պետության:

Ակնկալում ենք խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ու հասարակական ուժերի հետ օր առաջ քննարկումների կազմակերպում՝ օրենսդրորեն բացառելու համար հին ուժերի վերադարձը և սահմանադրական կարգի տապալման բոլոր հնարավոր փորձերը»:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս