Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազին

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 17, 24News

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազին և պահանջել քրգործ հարուցել։ Հաղորդում ներկայացնելու առիթը ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի հարցազրույցի ժամանակ հնչեցրած մի քանի արտահայտություններն են։

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայկ Ալումյանը մանրամասնել է՝ տեղեկացնելով, որ Գագիկ Ջհանգիրյանն իր հարցազրույցում ասել է, թե Քոչարյանի և մյուսների գործով Սահմանադրական դատարանը միտումնավոր ձգձգում է որոշումը՝ հնարավորություն տալով Վերաքննիչ դատարանին ուղղել առաջին ատյանի դատարանի սխալը։

«Ասվածից հետևում է, որ ՍԴ-ն շանս է տալիս ընդհանուր իրավասության դատարաններին, որ սխալն  ուղղվի, որ Վերաքննիչ դատարանը բեկանի առաջին ատյանի դատարանի որոշումը։ Եթե դա ճիշտ է, ուրեմն այստեղ նախապես պլանավորված դատական ակտերի մասին է խոսքը։ Նշանակում է՝ պարոն Ջհանգիրյանին նախապես հայտնի է, թե ինչ է անելու Սահմանադրական դատարանը։ Նա նաև ասաց, որ չակերտները չի բացի։ Նման տեղեկատվության ոչ ոք չպետք է տիրապետեր», - ասել է Ալումյանը։

Քոչարյանի պաշտպանը Ջհանգիրյանի մեկ այլ հայտարարություն էլ է մեջբերել, այն է՝ «Սահմանադրական դատարանն այս կազմով այս գործը չի քննելու», ապա հավելել է. «Պետք է հասկանալ՝ նախատեսված է, որ Սահմանադրական դատարանում փոփոխություններ են տեղի ունենալու։ Շատ հեռու գնացող հայտարարություններ էին, այսինքն՝ առնվազն երկու դատական ատյանների հետագա անելիքները հայտնի էին պարոն Ջհանգիրյանին»։

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news