ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 18, 24News
Հովիկ Աբրահամյանի գրասենյակը հերքում է «Ժամանակ» օրաթերթի տարածած տեղեկությունը, թե Հովիկ Աբրահամյանը Մոնակոյի կազինոներից մեկը 9,5 միլիոն դոլար է պարտվել։ Հերքման տեքստը՝ ստորև․
«Արձագանքելով զանգվածային լրատվության միջոցներում տարածված` «Ժամանակ» թերթի այսօր հրապարակած լրատվությանը, հարկ ենք համարում տեղեկացնել, որ այն ամբողջությամբ ապատեղեկատվություն է: Բավարարելով նշված լրատվամիջոցի հետաքրքրասիրությունը ՀՀ նախկին վարչապետ և նախկին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գործունեության հանդեպ` հարկ ենք համարում տեղեկացնել, որ պարոն Աբրահամյանը վերջին 10 տարում երբևէ չի այցելել լրատվամիոջոցի կողմից նշված վայր, առավել ևս ոչինչ տանուլ չի տվել և որևէ ակտիվ չի վաճառել:
«Ժամանակ» թեթի խմբագրությունից պահանջում ենք հերքել թերթի 2018 թվականի հուլիսի 18-ի համարում հրապարկված «Մեկնել է Մոնակո» նյութը:
ԶԼՄ-ներին կոչ ենք անում չտիրաժավորել զրպարտություն և սուտ պարունակող մանիպուլացիաները»:
Նշենք՝ «Ժամանակ» օրաթերթը գրել էր, որ Հայաստանի իրավապահներին հաջողվել է պարզել, որ նախկին ԱԺ նախագահ և վարչապետ Հովիկ Աբրահամյանը, վարչապետի պաշտոնում աշխատած շրջանում, մասնավոր այցով մեկնել է Մոնակո:
Կազինոյում տանուլ տված գումարը կազմել է 9,5 մլն դոլար, որը Աբրահամյանը վճարել է իր անձնական քարտից:
Ըստ որոշ տեղեկությունների՝ թավշյա հեղափոխությունից հետո Աբրահամյանը ստիպված էր վաճառել իր որոշ ակտիվներ խիստ անհետաձգելի պարտքերը մարելու համար»: