Ծիսակարգի է նման․ եռացրած մոմը լցրել են գերեզմաններին ու փախել. Գևորգ Ալթունյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 31, 24News

«Երեկոյան է տեղի ունեցել դեպքը, անհասկանալի է՝ ո՞ր կողմից են մոտեցել մի քանի հոգի, շատ արագ արել են իրենց (չգիտեմ՝ ո՞նց բնութագրեմ) այս գործողությունը, և արագ հեռացել են, ամբողջը մոմ է եղել, մի քանի ժամ մոմը մաքրվել է, մնացել են միայն յուղային մասի հետքերը, որոնք նույնպես կմաքրենք, կբերենք գերեզմանաքարերը պատշաճ վիճակի»,-այս մասին 24News-ի հետ զրույցում, անդրադառնալով «Եռաբլուր» պանթեոնում հերոսների շիրմաքարերը պղծելու դեպքին, ասել է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը։

Պաշտոնյան նաև նշել է, որ չգիտի՝ ո՞վ է արել, նաև չգիտի՝ դիտավորությո՞ւն է, թե՞՝ ոչ, ապա հիշեցրել է, որ հանրապետության տարբեր գերեզմանատներում ևս գրանցվել են նմանատիպ դեպքեր։

«Տեղեր կան, որ մի քանի տասնյակ գերեզմանաքարի վրա է էս գործողությունը կատարվել։ Էդ պատճառով չեմ կարող ասել՝ միտում կա՞ր կոնկրետ «Եռաբլուր»-ում կամ ապրիլյան պատերազմի (խմբ․՝ հետ կապված)։ Չեմ ուզում հավատալ, որ միտում կար, որովհետև եթե միտում լինի, և նման մարդիկ ընդհանրապես լինեն էս երկրում, շատ վատ կլինի»,-ասել է Ալթունյանը, ապա հավելել, որ, ըստ սեփական պատկերացման, սա ինչ-որ ծիսակարգ է։

«Նույն ձեռագիրն է․ գալիս են, տաքացված մոմը շաղ են տալիս գերեզմանաքարերի վրա և հեռանում են։ Տեսեք, օրինակ, սիմվոլիկա չկա, եթե լիներ սիմվոլիկա, հնարավոր կլիներ հասկանալ՝ ի՞նչ ուղղություն է, աղա՞նդ է։ Բայց որևէ բան չկա․ ընդամենը մոմ են շաղ տվել և հեռացել»,-ասել է Ալթունյանը։

ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետը նաև տեղեկացրել է, որ ՌՈ ուսումնասիրում է միջադեպը, և որ հնարավոր է՝ համագործակցություն լինի հանրապետության իրավապահ մարմինների հետ։

Գևորգ Ալթունյանը նաև կոչ է արել համաքաղաքացիներին դիմել ՊՆ, եթե տեղեկություն ունեն՝ ո՞վ է սրբապղծության հեղինակը։

«Խնդրում ենք հայտնել ՊՆ, որպեսզի կարողանանք հայնտաբերել մարդկանց և պատժենք օրենքի ողջ խստությամբ»,-ասել է պաշտոնյան։