Ծաղկաձորում մեկնարկեց մնջախաղի միջազգային 7-րդ փառատոնը․ մասնակցում են 7 երկրից արտիստներ

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News

մշակույթ

Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում մեկնարկել է Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 7-րդ փառատոնը։ Այս տարի փառատոնին մասնակցում են արտիստներ 7 երկրից՝ Ռուսաստանից, Իրանից, Արգենտինայից, Ֆրանսիայից, Ճապոնիայից, Լեհաստանից և Հայաստանից։ 

Հայաստանից փառատոնին մասնակցում են Երևանի մնջախաղի պետական թատրոնը, ԵԹԿՊԻ-ի դերասանական բաժնի մնջախաղի կուրսը, «Ֆորմա» թատերախումբը և դերասանուհի Աննա Վարդանյանը:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը կարևորելէ  մնջախաղի միջազգային փառատոնի անցկացումը՝  նշելով, որ այս միջոցառման միջոցով ևս մեկ անգամ խոսվում է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Լեոնիդ Ենգիբարյանի մասին։ Այդ մասին հայտնում է «Արմենպրես»-ը։

«Աշխարհի տարբեր կետերից իրենց ներկայացումներն են բերում թատերախմբերը։ Այսպիսով, նոր մշակույթ է ձևավորվում, որտեղ մենք առնչվում ենք տարբեր երկրների նման ժանրի թատրոնների հետ»,- ասել է նախարարը։

Ըստ Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար,  փառատոնի տնօրեն Ժիրայր Դադասյանի՝ տարեցտարի ավելանում է հետաքրքրությունը փառատոնի նկատմամբ։

«Այս տարի մեր փառատոնին հայտեր են ներկայացրել 20-ից ավել թատերախմբեր տարբեր երկրներից։ Մենք ընտրել ենք 6 թատերախումբ 6 երկրներից։ Այստեղ հավաքված հանդիսատեսը պարտադիր չէ, որ թատերասեր լինի, սակայն նա հնարավորություն ունի դառնալու թատերասեր՝ նայելով փառատոնի ներկայացումները։ Համենայն դեպս, ցանկանում ենք հենց դա քարոզել»,- ասել է Դադասյանը։

Ըստ Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի՝ փառատոնը կլինի հետաքրքիր, և հետագայում մասնակիցների թիվը կավելանա։

«Լավ է, որ փառատոնը տեղի է ունենում Ծաղկաձորում, որովհետև մենք ունենք խնդիր՝ ամեն ինչ կենտրոնացնում ենք Երևանում և, կարծես թե, մեր մնացած բնակավայրերը հեռու են մնում մշակութային իրադարձություններից, իսկ Ծաղկաձորն այս առումով հրաշալի վայր է։ Պետք է շնորհակալություն հայտնեմ բոլոր նրանց, ովքեր այս փառատոնը և՛ նախաձեռնել են, և՛ օժանդակում են՝ առաջին հերթին, իհարկե, Ժիրայր Դադասյանին»,- ասել է տնկնիկայինի գեղարվեստական ղեկավարը։

Օգոստոսի 13-ի համար նախատեսված ցերեկային ծրագիրը տեղի կունենա Դիլիջանում (15:00), երեկոյան ծրագիրը՝ Ծաղկաձորում (20:30), փակման պաշտոնական արարողությունը՝ օգոստոսի 14-ին՝ Ծաղկաձորում։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news