Մեկ տարի՝ առանց Ազնավուր․․․

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

Մեկ տարի առաջ՝ 2018 թվականի հոկտեմբերի 1-ին կյանքից հեռացավ 94-ամյա աշխարհահռչակ ֆրանսիահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը։ Նրա մահվան պատճառը թոքերի այտուցն էր։ 

1

Երաժշտական կարիերայի ընթացքում Ազնավուրը ձայնագրել է մոտ 1200 երգ տարբեր լեզուներով։ Հեղինակել և համահեղինակել է ավելի քան 1000 ստեղծագործություն։ Ազնավուրը նաև նկարահանվել է 60-ից ավելի կինոնկարներում՝ «Արարատ», «Սատանան և տասը պատվիրանները», «Հռենոսի անցումը», «Հայր Գորիո» և այլն։

Շանսոնյեի մահից օրեր անց՝ հոկտեմբերի 5-ին, նրա հիշատակին ազգային տուրք էր մատուցվել Փարիզի «Հաշմանդամների տուն» ռազմական համալիրում, որի ժամանակ նախագահ Էմանուել Մակրոնը նրան անվանեց «Ֆրանսիայի ամենակարևոր դեմքերից մեկը»։ 

1

«Շառլ Ազնավուրը մեզ ապրեցրել է իր երգերով։ Հայկական ծագում ունեցող ներգաղթյալի որդին պետություն էր պետության մեջ, հայրենիք՝ հայրենիքի մեջ», - նշել էր Մակրոնը։ 

Ազնավուրին հրաժեշտ տալու համար Փարիզ էր ժամանել Հայաստանի ղեկավարությունը, իսկ Երևանում` Ազնավուրի հրապարակում, նրան հրաժեշտ էին տալիս ֆրանսիական պետության ներկայացուցիչները և ՀՀ քաղաքացիները։ 

«Շառլ Ազնավուրը, անշուշտ, Ֆրանսիայի մեծ նվիրյալ էր, Ֆրանսիայի մեծ քաղաքացի, ֆրանսերենի տարածման մի անկրկնելի մունետիկ, բայց նաև Հայաստանի մեծ պաշտպան էր, Հայաստանի քաղաքացի և Հայաստանի Հանրապետության դեսպան»,- իր ելույթում նշել էր Փաշինյանը։

1

Հայաստանում և Արցախում սգում էին Ազնավուրի մահը։ Հայաստանի տարբեր անկյուններում հնչում էին շանսոնյեի երգերը, Ազնավուրի անվան հրապարակում մարդիկ օրեր շարունակ ծաղիկներ էին խոնարհում և մոմեր վառում։

Շառլ Ազնավուրը պատրաստվում էր հոկտեմբերին Հայաստան այցելել՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության տասնյոթերորդ գագաթաժողովին։

Ազնավուր

Հոկտեմբերի 2-ին կինոթատրոններում կհայտնվի «Շառլի հայացքով» ֆիլմը, որը պատրաստվել է Ազնավուրի ճանապարհորդությունների և նշանակալի հանդիպումների ժամանակ նրա կողմից նկարահանված կադրերից։ Ֆիլմի համար օգտագործվել են հատվածներ Ազնավուրի հեղինակած գրքերից ու նամակներից։ Ֆիլմի պատրաստմանն աջակցել է «Ազնավուր» հիմնադրամը, պրոդյուսերն է Ազնավուրի որդի Միշա Ազնավուրը, ռեժիսորը՝ Մարկ դի Դոմինիկոն։