«Էրեբունի» ԲԿ-ում մահացած կնոջ նորածինների վիճակը կայուն է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Հասարակություն

«Հոկտեմբերի 9-ին «Էրեբունի» ԲԿ ծննդատանը 47-ամյա հղի կին է մահացել: Ախտորոշվել է թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա, սիրտ-թոքային անբավարարություն և թոք-սրտային անբավարարություն, «օձիք»-ի համախտանիշ՝ պարանոցի, գլխի եւ վերին վերջույթների տոտալ ցիանոզով,- այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց «Էրեբունի» ԲԿ մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը։ 

«Արտամարմնային բեղմնավորմամբ զույգ պտղով հղիացած կնոջ մոտ ախտորոշվել է թեթև աստիճանի պրեկլամսիա, գրանցվել են ճնշման տատանումներ, որի դեպքում բժիշկները ծնունդն ընդունել են կեսարյան հատումով», - նշեց մամուլի քարտուղարը։

Հունանյանի խոսքով՝ թրոմբոէմբոլիան այն հիվանդությունն է, որը դեռևս չի կարող հետազոտվել բժիշկների կողմից, նաև կնոջ մոտ չի արտահայտվում որևէ ախտանիշներով։ Նա նշեց նաև, որ բժիշկները մեղավորություն չեն կարող ունենալ այս դեպքում, քանի որ այս հիվանդությամբ մայրական մահացությունները դիտարկվում են որպես ոչ կանխատեսելի մահեր:

Կեսարյան հատման ընթացքում ծնվել է զույգ երեխա՝ տղա և աղջիկ, համապատասխանաբար 1կգ 880 գ, 45 սմ հասակով եւ 2կգ 40 գ, 45 սմ հասակով: Շուշան Հունանյանի փոխանցմամբ՝ ծնվելու պահին երեխաներն ունեցել են շնչառական խնդիրներ, այս պահին նրանց վիճակը գնահատվում է կայուն, նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունքում ստանում են նորածնային խնամք:
Մամուլի քարտուղարի խոսքով՝ կնոջ մահվան հարազատները ոչ մի բողոք չունեն բժիշկներից, մահվան դեպքով իրականացվել է դատաբժշկական փորձաքննություն, սակայն պատասխանները դեռ չեն ուղարկվել «Էրեբունի» ԲԿ։