Խոշոր ներդրող լինելը չի նշանակում լինել լավ ներդրող. քաղաքապետը՝ «Սանիթեքի» մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

սանիթեք

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ վստահեցրել է, որ «Սանիթեք» ընկերության կողմից միջազգային արբիտրաժային դատարան դիմելը Հայաստանի վարկանիշի վրա չի ազդելու: 

Հարցին՝ արդյոք Հայաստանի վարկանիշի վրա չի՞ ազդի այն, որ «Սանիթեք» ընկերությունը դիմում է միջազգային արբիտրաժային դատարան՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Սանիթեքը» խոշոր ներդրող է, պատասխանեց, որ դա ընդհանրապես Հայաստանի վարկանիշի վրա չի ազդի:

«Խոշոր ներդրող լինելը չի նշանակում լինել լավ ներդրող: Մենք պատրաստ ենք այդ ամբողջ պրոցեսին: Մենք ունենք բոլոր ապացույցները, որ «Սանիթեք»-ը պատշաճ որակով չի կատարել իր աշխատանքը: Ասեմ ավելին, այս պահին հարուցված են բազմաթիվ քրեական գործեր՝ կապված «Սանիթեք» ընկերության հետ՝ կապված նախ հարկային պարտավորությունների հետ, ինչպես մի քանի օր առաջ մամուլից տեղեկացա կան այլ ընկերություններ, որոնց հետ կապված պարտավորություններ ունի և գումարները չի տվել»,- ասել է Հայկ Մարությանը: