Ցմահ ազատազրկվածը կարող է արդեն ներման խնդրագիր գրել պատիժը կրելուց 15 տարի անց

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News

1

Կառավարությունն իր այսօրվա նիստում հավանություն տվեց «Ներման մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագծին, որը ներկայացրեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Նա պարզաբանեց, որ նախագծի ընդունումը պայմանավորված է ներման ինստիտուտն ավելի թափանցիկ եւ հաշվետու դարձնելուն:

Նախագծով սահմանվել են ներման խնդրագիրը չքննարկելու եւ այն վերադարձնելու դեպքերը: Մասնավորապես, դրանք կապվում են պայմանական վաղաժամկետ ազատման, օրենքով սահմանված դեպքերում պատժից ազատման դեպքերը, որպեսզի ներման խնդրագրերը չշարունակվեն քննարկվել: 

Գործող կարգավորումների համաձայն՝ կարող է առաջանալ այնպիսի մի իրավիճակ, երբ դատապարտյալը ներկայացրել է ներման խնդրագիր եւ պատժից ազատվել է օրենքով նախատեսված այլ հիմքերով: Այս պարագայում ներման խնդրագրի ճակատագիրը մնում է չլուծված՝ առկա իրավական բացի պատճառով:

Սահմանվել են ներման խնդրագրերի հետ կապված գաղտնիության ապահովման կարգավորումներ: Կարգավորվել է ներման խնդրագրերը մերժելու դեպքում բացառիկ հանգամանքներում ներման նոր խնդրագրեր ներկայացնելու հետ կապված  հարաբերությունները: Բացառիկ հիմքերի մեջ ներառվել են խնամքին երեխայի առկայությունը, արտակարգ ռազմական իրավիճակը, դատապարտյալի կյանքին անմիջականորեն սպառնացող վտանգը:

Ցմահ ազատազրկվածների համար նախատեսվել է ներման խնդրագրով դիմելու ավելի վաղ ընթացակարգ: Ցմահ ազատազրկվածը կարող է ներման խնդրագիր գրել, եթե պատիժը կրել է ոչ պակաս քան 15 տարի: