Ուսուցիչն ազատ է լինելու իր դասի պլանը կազմելու հարցում․ ԿԳՄՍ փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

1

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն այսօր ամփոփեց անցած մեկ տարվա ընթացքում ԿԳՄՍՆ-ում իր համակարգած ոլորտների աշխատանքը և պատասխանեց լրագրողների հարցերին։

«ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում ԵՄ-ն՝ նորարարության համար» ծրագրի շրջանակում ՀԲ-ի բանկի աջակցությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը վերանայում է Հանրակրթության պետական չափորոշիչն ու STEM առարկաների պետական չափորոշիչները, իսկ հումանիտար առարկաների չափորոշիչները՝ Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» ծրագրի «Հանրակրթության որակի բարելավում՝ կրթակարգի և չափորոշիչների վերանայման միջոցով» ենթածրագրի շրջանակում՝ Կրթական ծրագրերի կենտրոնի միջոցով»,-ասաց Անափիոսյանը՝ առարկաների ինտեգրված մատուցման լավագույն օրինակը համարելով ֆինանսական կրթությունը դպրոցներում։

Վերջինս տեղեկացրեց, որ հուլիսից սկսել է գործել Հանրակրթության պետական չափորոշչի մշակման աշխատանքային խումբը։ Նախագիծը սեպտեմբերին քննարկվել է նախարարությունում, հոկտեմբերին տեղի է ունեցել 8 ոլորտային քննարկում։ Այս պահին առարկայական չափորոշիչների մշակման խմբերը շարունակում են աշխատել։ Գործող 15 ոլորտային աշխատանքային խմբերում ներգրավված է շուրջ 70 մասնագետ։ Նրանք ուսումնասիրել են Ֆինլանդիայի, Դանիայի, Էստոնիայի, Իսրայելի, ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Սինգապուրի համակարգերը:

Միջազգային փորձագիտական խմբում ներգրավված են կրթության նյարդագիտության, կայուն զարգացման ապահովմամբ, ներառական կրթության խնդիրներով զբաղվող հեղինակավոր մասնագետներ։ Ներկայումս համայնքներում շարունակվում են ոլորտային քննարկումներ, որոնք ներառում են Էկոլոգիական կրթություն, առողջ ապրելակերպ, ֆիզիկական դաստիարակություն, հայոց պատմություն և կրոնների պատմություն, մեդիագրագիտություն, մարդու իրավունքներ, արվեստի կրթություն և կրթության ներառականություն թեմաները: Քննարկումների ընթացքում հավաքագրված առաջարկների հիման վրա նախագիծը կրկին լրամշակվել է:

«Կրթական բարեփոխումների արդյունքում որոշ առարկաներ կմիավորվեն, բայց բովանդակության մեխանիկական կրճատում չի իրականացվելու», - տեղեկացրեց փոխնախարարը՝ նկատելով, որ դպրոցն ու մանկավարժներն այս փոփոխություններով բավականին մեծ ազատություն են ստանալու։ «Ուսուցիչն ունենալու է առարկայական ծրագիր և ազատ է լինելու իր դասի պլանը կազմելու հարցում, ընտրելու ուսումնառության և դասավանդման նյութերը և գնահատման ենթակա հանձնարարությունները»,- նկատեց Անափիոսյանը։

 «Բարեփոխումների շրջանակում կմշակվեն ուսումնառության և դասավանդման նյութեր, ուսուցիչները կվերապատրաստվեն և որոշակի ազատություն կստանան»,-ասել է նախարարի տեղակալը՝ հավելելով, որ ծրագիրը եկող տարվա սեպտեմբերից կկիրառվի Տավուշի մարզի ընտրված դպրոցներում և դասարաններում, իսկ 2023 թվականի ուսումնական տարում ամբողջ հանրապետությունում։

Անդրադառնալով միջազգային համագործակցության լայն շրջանակին ու ծրագրերին՝ Ա․ Անափիոսյանն ասել է, որ անցնող տարում լուրջ աշխատանք է տարվել եվրոպական մի շարք համալսարաններում՝ Բուխարեստի, Զալցբուրգի, Վենետիկի և Պրահայի համալսարաններում հայագիտության բնագավառում հետազոտություններ ու ծրագրեր իրականացնելու ուղղությամբ։ Բացի այդ, 2019 թվականին վերապատրաստվել և վկայականներ են ստացել սփյուռքահայ 57 ուսուցիչներ, անցկացվել է Համահայկական հայագիտական օլիմպիադան։ «Միջազգային համագործակցության շրջանակում Հայաստանն ընտրվել է որպես երկու միջազգային կառույցների կոմիտեների բյուրոյի անդամ։ Խոսքը Եվրոպայի խորհրդի կրթության հարցերով կոմիտեի բյուրոյի մասին է, որտեղ 50 անդամ պետություններից միայն 4-ն են ներկայացված։ Մեր երկիրը նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության հարցերով կոմիտեի բյուրոյի անդամ է ընտրվել»,-տեղեկացրել է նա՝ հավելելով, որ երկկողմ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել Չինաստանի, Վիետնամի, Սինգապուրի, Իտալիայի, Լեհաստանի, Մոլդովայի, Իսրայելի, Քուվեյթի գործընկեր կառույցների հետ։

Իրականացվել են և ընթացքի մեջ են «Ներառական կրթության համակարգի հզորացում Հայաստանում», «Կայուն դպրոցական սնունդ», «Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցում», «Դպրոցների համալիր անվտանգության ապահովում», «EU4Innovation» և մի շարք այլ ծրագրեր։

Անդրադառնալով «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրին՝ փոխնախարարն ասաց, որ հանրապետության բոլոր մարզերում տարրական դպրոցների սաները պետության և դոնորների աջակցությամբ տաք սնունդ են ստանում։ «Դա միտված է երեխաների համար ճիշտ սննդակարգ ապահովելուն, ինչը նպաստում է դասերի ընթացքում առավել կենտրոնացմանը, ուղեղի զարգացմանը: Համաձայն հետազոտության՝ ճիշտ սննդակարգով նախաճաշ ստացող երեխաներն ավելի լավ կրթական արդյունք են դրսևորում, քան մյուսները»,- ասել է Ա. Անափիոսյանը։

Միջպետական համագործակցության ծրագրերի և ուսանողների կրթաթոշակային փոխանակումների շրջանակում անցնող տարում ՀՀ 227 քաղաքացիներ գործուղվել են 7 պետությունների բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու համար, շուրջ 50 օտարերկրյա քաղաքացիներ սովորում են ՀՀ բուհերում: Կազմակերպվել է շուրջ 1500 օտարերկրյա դիմորդների ընդունելության և կացության իրավունքի տրամադրման գործընթացը, ինչպես նաև շուրջ 800 սփյուռքահայ դիմորդի ընդունելություն ՀՀ բուհեր և քոլեջներ, ընդ որում 70-ը՝ պետական պատվերի տեղերի շրջանակում։

Լրամշակվել և ՀՀ կառավարություն են ներկայացվել հանրակրթական դպրոցների ֆինանսավորման նոր բանաձևը, Կրթության զարգացման տեսլականը, ԿԳՄՍՆ-ի 5-ամյա գործողությունների ծրագիրը, և ռազմավարական նշանակություն ունեցող մի շարք այլ ծրագրեր։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս