Լափշինը պատմել է, որ Մերձբալթիկայում Բաքուն իրեն փորձել է առևանգել ու կալանավորել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

Լափշին

Բլոգեր Ալեքսանդր Լափշինը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ ահազանգելով, որ իրեն Մերձբալթիկայում փորձել են կալանավորել և առևանգել: Փորձերի կազմակերպիչը, ըստ Լափշինի, Բաքուն է:

Ըստ նրա՝ դեկտեմբերի 12-ին Կիևում առևանգել են ադրբեջանցի թալիշ բլոգեր Էլվին Իսաևին, տեղափոխել Բաքու, մինչդեռ Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հերքում է Իսաևին Ադրբեջանին արտահանձնելու փաստը, ինչը, ըստ Լափշինի, նշանակում է, որ լուրջ սկանդալ է հասունանում:

«Իմ և Իսաևի իրավիճակները միայն հեռավոր կապ ունեն: Ես նրա հետ անձամբ ծանոթ չեմ, մենք ընկերներ չենք, միակ բանը, որ մեզ կապում է, կարճ նամակագրությունն է այն մասին, թե որ երկիրն է անվտանգ, որ նա Ռուսաստանից տեղափոխվի այնտեղ: Ահա, նույն այդ օրը Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայությունը փորձ է արել Կիևում բռնել Իսաևին, իսկ Ռիգայում՝ ինձ»,- նշել է բլոգերը, ապա հավելել, որ Լոնդոնում է օդանավակայան մեկնելիս նրան զանգահարել են որոշ մարդիկ և ասել, որ հարկավոր է զրուցել մինչ իր՝ ինքնաթիռ նստելը: Վերջին անգամ բլոգերն այդ անձանց հետ զրուցել է ուղիղ երկու տարի առաջ:

«Արդեն կայարանում էի՝ Լիվերպուլ սթրիթում, ստիպված էի այդ գնացքը բաց թողնել: Ինձ տեղեկացրին, որ Ադրբեջանի ԱԱԾ-ն Մերձբալթիկայի և մի շարք այլ երկրներ ինձ կալանավորելու միջնորդություն է ներկայացրել: Ինձ զգուշացրին՝ լինել զգույշ, հնարավորության դեպքում չեղարկել Լատվիա և Լիտվա այցերը, որոնք Ադրբեջանի հետ կոռուպցիոն սերտ կապերի մեջ են»,- պատմել է բլոգերը, ապա տեղեկացրել, որ այդ խորհրդին չի հետևել, մեկնել է Մերձբալթիկա, սակայն ստիպված է եղել չեղարկել Ռիգայում նախատեսված զբոսաշրջային միջոցառմանն իր մասնակցությունը: Իրեն ասել են՝ մեծ է հավանականությունը, որ Ադրբեջանի դեսպանությունը այնտեղ մարդ կուղարկի մոնիթորինգի համար: Լապշինն ասել է՝ երկու հոգի եկել են մոնիթորինգի, նրանք ներս չեն մտել, կանգնել են մուտքից մի փոքր հեռու: Նրանց ֆիքսել են տեսահսկման սարքերը:

Բլոգերը ներկայացրել է իր ենթադրությունները. Ադրբեջանի ԱԱԾ-ն գիտակցում է, որ «Ինտերպոլի» միջոցով իրեն փնտրելն անիմաստ է, քանի որ առնվազն երեք պետություն լրջորեն հետաքրքրված չեն, որ ինքը հայտնվի Բաքվում, և եթե նման դիմում լինի Ինտերպոլին, ապա հաշված ժամերի ընթացքում Լափշինն այդ մասին կտեղեկանա: Բլոգերի կարծիքով՝ Ադրբեջանը այլ ուղի է ընտրել. ներքին ճանապարհը:

«Լոնդոնում ինձ հարցրին՝ Ինչո՞ւ ես դու նրանց պետք: Նրանք այդքան օպերատիվ ռեսուրսներ են ծախսում քո դեմ պայքարի վրա, ես չգիտեի՝ ինչ պատասխանեմ, քանի որ Բաքվի համար առանձնապես վտանգ չեմ ներկայացնում և օպերատիվ հետաքրքրության առարկա չեմ: Ենթադրում եմ, որ պատճառներն անձնական են՝ Ալիևից եկող: Նրանք ոչինչ չարձագանքեցին իմ խոսքին»,- գրել է Լապշինը։