Երեկվա իմ գրառման արձագանքների կողքին կային նաև բացասական արձագանքներ․ Արցախի ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

արտակբեգլարյան

Արցախի ՄԻՊ-ը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է երեկ «Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ Ղարաբաղի ժողովուրդը կարող է մասնակցել ադրբեջանական ընտրություններին» գրառմանը։

Գրառման մեջ Բեգլարյանը նշում էր, որ հիացած է ադրբեջանցիների այդ վեհանձնությամբ, սակայն նրանք պետք է մտածեն հայատյացության, երկրի ներսում մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության մակարդակի մասին:

«Դրական արձագանքների կողքին, արդեն մի քանի տեղ նկատել եմ նաև բացասական ու երբեմն վիրավորական արձագանքներ, ներառյալ՝ կեղծ օգտատերերի կողմից: Հուսալով, որ դիտավորություն չկա հնչած քննադատությունների մեջ՝ մի քանի կարճ դիտարկում ու առողջ հակափաստարկ ներկայացնեմ այդ արձագանքներին».

• Առաջին՝ քննադատությունները խոսքս ներկայացնում են համատեքստից կտրված: Իմ թվիթը ծայրից ծայր սարկազմ է, որը դժվար չէ նկատել...

• Երկրորդ՝ նույնիսկ այդ կտրված հատվածում էական խնդիր չեմ տեսնում, որովհետև հիմնական գաղտնիքը Արցախի քաղաքացիությունն ընդունելու պայմանի մեջ է: Արդյո՞ք մենք չենք ձգտում, որ ադրբեջանցիներն ընդունեն Արցախի անկախությունը և իրավասությունը, իսկ իրենք էլ, խոշոր առումով, հենց դրա դեմ են պայքարում:

• Երրորդ՝ արդյո՞ք նորություն եմ ասել, չէ՞ որ եթե ցանկացած անձ ստանա ցանկացած պետության քաղաքացիություն, դրանից հետո կարող է մասնակցել տեղի ընտրություններին. Սա շատ պարզ իրավական ու տրամաբանական կանոն է, որը թրոլլինգի ենթարկելու ոչ մի տեղ էլ չունի: Իսկ քաղաքացիություն ստանալու համար երկու պարտադիր պայման կա՝ ստացող անձի դիմումը և տվող պետության դրական որոշումը. եթե առաջինը մեզնից չէ կախված, որքան էլ իրատեսական չէ, ապա երկրորդը բացառապես մեզնից է կախված: Այդ դեպքում վստահության խնդիր կա՞ Արցախի Հանրապետության հանդեպ...

• Չորրորդ՝ իմ գրածը միայն պատասխան էր Ադրբեջանի ԿԸՀ-ին, հետևաբար՝ նաև իշխանություններին: Ուստի, կարիք չկա կապել որևէ այլ իրադարձության կամ գործընթացի հետ, առավել ևս, որ ես այդքան էլ հեշտորեն «կապվող» անձանցից չեմ: իսկ կապելու դեպքում էլ, կրկին, սարկազմիս մեջ որևէ խնդրահարույց իմաստ չկա:

• Հինգերորդ՝ պետք է ուշադրություն դարձնել ոչ միայն գրածիս համատեքստին, այլ նաև աղբյուրին ու լեզվին. Պատահակա՞ն է, որ դա գրել եմ անգլերենով ու թվիթթերում, որը արդյունավետ ուղի է ադրբեջանական ու միջազգային կոնկրետ լսարանների հասնելու համար:

• Վեցերորդ՝ անհամեստ թող չհնչի, բայց սխալ մարդ եք ընտրել այդ հարցում քննադատելու համար. ես իմ կենսագրությամբ ու գործունեությամբ (ներառյալ՝ հրապարակային հայտարարություններով) դրա համար նույնիսկ կասկածների տեղ չեմ թողել: Մնացածը թողնում եմ ձեր որոնողական հմտություններին ու բարեխղճությանը...