Ամոթով ենք առերեսվում Հայոց ցեղասպանության հետ․ Թուրքիայի քրդամետ կուսակցություն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

․

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (HDP-ԺԴԿ), որի անդամ է նաև մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը, Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով հայտարարությամբ է հանդես եկել։ Էրմենիհաբերի փոխանցմամբ կուսակցության կենտրոնական գործադիր խորհուրդի ընդունած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․

«1915թ ապրիլի 24-ին Ստամբուլում 250 հայ մտավորական ձերբակալվեց և աքսորվեց Այաշ ու Չանքըրը։ Այնուհետև նրանց սպանեցին։ Ապա «Միություն և առաջադիմություն» կուսակցության կառավարության որոշմամբ հայ ժողովուրդը աքսորվեց իր հայրենիքից, որտեղ ապրել էր հազարավոր տարիներ և մեծամասամբ բնաջնջվեց։

«Այդ աքսորը քաղդեացի, եզդի և հույն ժողովուրդների ու հատկապես հայ ժողովրդի կյանքում մեծ ավերածությունների պատճառ դարձավ։ Անատոլիան քրիստոնեազրկվեց»։

Հայտարարության մեջ շեշտվել է, որ ցեղասպանության հետևանքով հայերի անշարժ գույքը և մշակութային ժառանգությունը պետական որոշմամբ առգրավվել է։

«Թուրքիան 105 տարի է, ինչ չի առերեսվում Հայոց ցեղասպանության հետ։ Ընդհակառակը, ցեղասպանության գլխավոր հանցագործներ Թալեաթ և Էնվեր փաշաների անուններով 100-ավոր հաստատություններ են անվանակոչվել»,- նշվել է քրդամետ կուսակցության հայտարարությունում և շեշտվել, որ ոճիրն անպատիժ է մնացել և կրկնվել է։

Նշվում է, որ Թուրքիան դարձել է մի երկիր, որտեղ 105 տարի է, ինչ  ատելության խոսքը և ատելության հողի վրա արված հանձագործությունները «քայլում են՝ ձեռք ձեռքի տված»։

«Հայոց ցեղասպանությունն ընդունվել է աշխարհի բազմաթիվ խորհրդարանների կողմից։ Սակայն մեր խորհրդարանում՝ այն երկրում, որտեղ տեղի է ունեցել մեծ ողբերգությունը, այդ մասին 105 տարի չի խոսվել։ Մեծ ավերածությունը/կոտորածը ոչ թե պետք է քննարկվի այլ երկրների խորհրդարաններում, այլ Թուրքիայի ազգային մեծ ժողովում, այսինքն այն երկրի խորհրդարանում, որտեղ տեղի է ունեցել»,- ասվում է հայտարարության մեջ։։ 

Ըստ քրդամետ կուսակցության՝ Թուրքիայում անցյալում կատարված հանցագործությունների հետ առերեսումը, ճանաչումը և դատապարտումը հասարակական խաղաղության գործում մեծ ներդրում կունենա։ 

«Որպես Անատոլիայի հին ժողովուրդների թոռներ՝ ամոթով ենք առերեսվում Հայոց ցեղասպանության հետ։ Կիսում ենք հայ և ասորի ժողովուրդների վիշտը։ Տեղի ունեցած մարդկային ողբերգությունը զգում ենք մեր ամբողջ սրտով և հարգանքով ոգեկոչում այդ ընթացքում սպանված բոլոր մարդկանց»,- եզրափակվում է հաղորդագրությունը։

Տեսանյութեր

Live

Լրահոս