Արթուր Վանեցյանն իր զորակցությունն է հայտնել Բեյրութի և ողջ Լիբանանի հայությանը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News 

Վանեցյան

«Հայրենիք» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ն․Ս․Օ․Տ․Տ․ Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ և իր ցավակցությունները հայտնել նախորդ օրը Բեյրութում տեղի ունեցած աղետաբեր պայթյունի հետևանքով մարդկային անդառնալի կորուստների, վիրավորումների կապակցությամբ, ինչպես նաև հետաքրքրվել մեր հայրենակիցների ու հայկական կազմակերպությունների կրած նյութական վնասներով։ Այս մասին ասվում է  «Հայրենիք» զարգացման հիմնադրամի տարածած հայտարարության մեջ:

Արթուր Վանեցյանն իր զորակցությունն է հայտնել Բեյրութի և ողջ Լիբանանի հայությանը և վստահություն հայտնել, որ հայ համայնքն իր աշխարհիկ ու հոգևոր առաջնորդների հետ միասնաբար հնարավորինս արագ կվերադառնա անվտանգ և ապահով կյանքի հուն։

Արթուր Վանեցյանն այսօր նաև ցավակցական նամակ է հղել ՀՀ-ում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ․ տիկին Մայա Դաղերին։ Խորին ցավակցություն հայտնելով Բեյրութում պայթյունի հետևանքով մարդկային բազմաթիվ զոհերի կապակցությամբ՝ նա իր մխիթարության խոսքն է ուղղել զոհերի սգակիր հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթել մի քանի հազար վիրավորներին։

--00--ԱԹ