Լյուքսեմբուրգի փոխվարչապետը մտահոգություն է հայտնել ՀՀ-ում ստեղծված իրավիճակի շուրջ

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 12,  24News   

ԱԳՆ

Փետրվարի 11-ին Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ժան Ասելբորնն ընդունել է Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանին: Այս մասին հայտնում է Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը։

«Նախարար Ասելբորնին հանձնելով ՀՀ ԱԳՆ նախարար Արա Այվազյանի ուղերձը՝ դեսպան Բալայանը երախտագիտություն հայտնեց Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիա վերաբերյալ Լյուքսեմբուրգի դրսևորած սկզբունքային կեցվածքի համար։

Նախարար Ասելբորը խորը մտահոգություն հայտնեց ստեղծված իրավիճակի շուրջ և վերահաստատեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման, պատերազմի պատճառների և հետևանքների վերացման վերաբերյալ իր մոտեցումները։ Նա նաև տեղեկացրեց, որ Լյուքսեմբուրիգի կառավարությունը քննարկում է պատերազմից տուժածներին հավելյալ աջացություն ցուցաբերելու հնարավորությունը։  

Դեսպան Բալայանը նախարար Ասելբորնին ներկայացրեց Արցախում ստեղծված ներկա իրավիճակը, անդրադարձ կատարեց տարածաշրջանային մարտահրավերներին և Հայաստանի ու Արցախի առջև ծառացած հրատապ խնդիրներին՝ երախտագիտություն հայտնելով լյուքսեմբուրգյան կողմին՝ Արցախի դեմ ագրեսիայի ընթացքում ցուցաբերած աջակցության համար։

Անցյալ շաբաթ կայացած Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարների հեռախոսազրույցի ընթացքում արծարծված հարցերի համատեքստում զրուցակիցները հանգամանալից անդրադարձան  երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցությանը, առևտրատնտեսական կապերի ընդլայնման նպատակով ձեռնարկվելիք քայլերին»,-ասվում է հաղորդագրության մեջ։

--00—ՄՀ