Հայաստանն ու Իսլանդիան միջազգային հարթակներում ունեն համագործակցության հաջողված փորձ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News 

ՏԿԵ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր ընդունել է  Հայաստանում Իսլանդիայի նորանշանակ դեսպան Աուրնի Տոր Սիգուրդսոնին (նստավայրը՝ Մոսկվա)։  

Նախարար Սուրեն Պապիկյանի և իր անունից ողջունելով հյուրին՝  Վ․ Տերտերյանը  հույս է  հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-իսլանդական հարաբերությունների զարգացմանը և  առկա ներուժի լիարժեք օգտագործմանը։   

Փոխնախարարը նշել է,  որ Հայաստանն ու Իսլանդիան միջազգային հարթակներում, մասնավորապես՝  ԵԽ տարբեր կառույցների շրջանակում, ունեն համագործակցության հաջողված փորձ, և վստահություն է հայտնել, որ այս այցը  նոր ազդակ կհաղորդի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկկողմ դիվանագիտության խորացման համար։

Փոխնախարարը հեռանկարային է համարել  փորձի փոխանակումը և հետագա փոխգործակցությունը տարածքային կառավարման և  տեղական ինքնակառավարման, տեղական ժողովրդավարության  զարգացման, միջհամայնքային կապերի ընդլայնման, տրանսպորտային հաղորդակցության  և էներգետիկ ենթակառուցվածքների դիվերսիֆիկացիայի և այլ բնագավառներում։

Վ․ Տերտերյանը առանձնահատուկ կարևորել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակում  հայկական պատմամշակութային արժեքների պահպանման ուղղությամբ  Իսլանդիայի ունեցած նշանակալի դերակատարումը և հետագա աջակցությունը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Սիգուրդսոնին փոխադարձ պատրաստակամություն է հայտնել  նպաստել  երկու երկրների միջև  փոխգործակցության ընդլայնմանը: Դեսպանի խոսքով՝   իսլանդական կողմը հետաքրքրված է մատնանշված ոլորտներում չիրացված ներուժը երկուստեք օգտագործելու և քաղավիացիայի, ջերմային էներգետիկայի, վարչատարածքային բարեփոխումների շրջանակներում փորձի փոխանակման հարցում։

Զրուցակիցները վերահաստատել են  երկկողմ և բազմակողմ ձևաչափերում փոխշահավետ համագործակցության զարգացման ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու պատրաստակամությունը:

--00—ՄՀ