Վարորդական վկայական ստանալու հերթերը կարգավորվում են. երկար սպասելու կարիք չի լինի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News 

վկայական

«2020 թվականին, քովիդով պայմանավորված, մոտ 66 օր չենք աշխատել ու դրա հետ կապված բավական հերթեր գոյացան: 2020 թվականին՝ մինչև պատերազմը, հերթում կար 15 հազար մարդ, ու դա միայն Երևանում, իսկ հիմա 1000-1200 հոգի է: Միջինն օրական ունենում ենք 100-ից ավելի հերթագրում թե գործնական, թե տեսական քննության հետ կապված: Գործընթացը քիչ-քիչ կարգավորվեց ու հիմա տեսական քննությունների հետ կապված հրավիրվում են հենց հաջորդ օրը: Հերթերը միայն գործնական քննությունների հետ են կապված, ու այդ դեպքում դիմումը ներկայացնելուց 20 օրվա մեջ կանչում ենք: Դա էլ ասեմ, որ օբյեկտիվ պատճառ է: Տեսեք, դիմողների մինչև 40 տոկոսն է հանձնում քննությունը, 60 տոկոսը նորից է հերթագրվում, երկրորդ անգամ կտրվեց, նորից է հերթագրվում ու այդպես կուտակվում են»,-ասաց Գառնիկ Լևոնյանը: 

Այժմ Ճանապարհային ոստիկանությունը փոփոխություններ է նախատեսել, որոնք ևս նպաստելու են վարորդական քննությունների հերթերի կարգավորմանը: Մասնավորապես, տեսական, գործնական քննությունն առաջին անգամ դրական չհանձնելու պարագայում քաղաքացին կարող է նորից մասնակցել միայն 7 օր հետո: Երկրորդ անգամ բացասական հանձնելու պարագայում քննությանը մասնակցել թույլատրվելու է մեկ ամիս հետո: Այսինքն՝ քննությանը մասնակցելն ինքնանպատակ չի լինելու: Գառնիկ Լևոնյանը վստահեցրեց, որ նոր փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո ներկայում առկա հերթերը կկարգավորվեն և քննությանը սպասելու օրերը կկրճատվեն, ներկայիս մինչև 20-ը՝ հասցնելով մինչև 10-ի: 

Վարորդական քննություններին հերթագրվելու գործընթացը կատարվում է https://roadpolice.am/ կայքի միջոցով: Քաղաքացին ստանում է հրավերի հաղորդագրություն և նշված օրն ու ժամին ներկայանում է: Սկզբում մասնակցում է տեսական քննությանը, դրական հանձնելուց հետո նորից հերթագրվում է գործնականի համար: Գառնիկ Լևոնյանը նշեց, որ փորձում են մեկ օրում հնարավորինս շատ դիմողների հրավիրել: Թեպետ լինում են դեպքեր, երբ օրինակ 100 անձ է հրավիրված լինում, բայց 30-ը չի ներկայանում: Լինում է վատառողջ են, կորոնավիրուսով են վարակվել կամ ասում են, թեպետ հերթագրվել են, բայց դեռ պատրաստ չեն: 

Վարորդական քննություններին դիմելիության կառուցվածքում գերակշռում են իգական սեռի ներկայացուցիչները: Դիմողների շրջանում մինչև 80 տոկոսը կանայք են: Գառնիկ Լևոնյանը կարևորեց քննությունների հետ կապված տարվա սկզբից ուժի մեջ մտած փոփոխությունները: Դրանց համաձայն, գործնական քննությունը թեթև մարդատար ավտոմեքենա վարելու դեպքում անցկացվում է ոչ թե ավտոդրոմում՝ փակ տարածքում, այլ իրական պայմաններում: Մյուս դեպքերում անցկացվում է և՛ ավտոդրոմում, և՛ իրական պայմաններում: Գառնիկ Լևոնյանի խոսքով, այդ փոփոխությունը հնարավորություն է տալիս վարորդի թեկնածուի հմտությունները գնահատել հենց իրական պայմաններում: 

«Ասեմ, որ վարորդի թեկնածուների կողմից էլ դրական արձագանք կա: Մինչ փոփոխություններն ուժի մեջ մտնելը շատերը վախենում էին, ասում էին բարդ է, դժվար է, սակայն հասկացան, որ հակառակն է: Նախապես իրենց վարորդ հրահանգիչների հետ նաև քննական երթուղով են պարապում ու գալիս են: Եթե գործնական քննությունը դրական են հանձնում իրական պայմաններում, ուրեմն պատրաստի վարորդ են: Ես շատ դրական եմ համարում այդ փոփոխությունը»,-ասաց նա: Ինչ վերաբերում է քննություն ընդունողների կողմից շատ խիստ լինելու, ամեն փոքր բանից վարորդի թեկնածուին քննությունից կտրելու դիտարկումներին, ապա Գառնիկ Լևոնյանը հակադարձեց՝ ասելով, որ նման բան չկա: Այդ մասին է խոսում բողոքների քանակը, որոնք հատ ու կենտ են: 

Ոստիկանության տեսուչ Ֆեոդոր Մուրադյանը, ով վարորդականի քննություն է ընդունում արդեն 1.5 տարի, «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ փոքր բանից քննությունը կտրելու մասին խոսելը տեղին չէ:

«Միգուցե իրենց համար փոքր բան է, սակայն իրականում կոպիտ խախտում է: Հաճախ հանդիպողներից է գծանշումների խախտումը, Stop նշանի պահանջը չկատարելը: Լինում է միայն ուղիղ թելադրող նշանից գնում են աջ կամ ձախ: Մինչ խաչմերուկ հասնելը ուղղությունը նախապես զգուշացնում եմ, բայց լրիվ հակառակն են անում կամ շրջադարձը խառնում են հետադարձի հետ: Ամենատարածված խախտումներից է ամրագոտին չկապելը»,-ասաց ոստիկանության տեսուչը: Նրա խոսքով, քննություն տվողներին շատ խանգարում է հուզվելը, խառնվելը, լինում են դեպքեր, երբ ղեկին ձեռքերը դողում են: Նման դեպքերում առաջարկվում է կես ժամ հանգստանալ նոր մոտենալ: 

«Բոլոր նրանք, որոնք ցանկանում են վարորդական վկայական ստանալ, խորհուրդ եմ տալիս լավ պատրաստվել ու հանգիստ ներկայանալ, չլսեն կողքի խոսակցությունները, առաջին փորձից քննությունը հանձնողներ նույնպես կան»,-ասաց տեսուչը:  

--00—ՄՀ 

Տեսանյութեր

Live

Լրահոս