Ադրբեջանը տապալում է միջազգային, մարդու իրավունքների սկզբունքները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

Թաթոյան

Հրապարակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը` զեկույցը օբյեկտիվ գնահատելով, քանի որ արձանագրված են դրական և բացասական քայլերը:

Թաթոյանը մտահոգիչ է համարում մեր երկրում անհանդուրժողականության մակարդակը, նշում` այն վտանգավոր չափերի է հասնում: Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է նաև սահմանային բնակիչների իրավունքների հետ կապված խնդիրներին, նշել` կոպիտ խախտումներ են արձանագրվել:

«Սյյունիքում պատերազմից հետո ադրբեջանական զինված ուժերի հայտնվելն ամբողջությամբ հակասում է միջազգային իրավունքի, մարդու իրավունքների սկզբունքներին և ապալեգիտիմ է, դրա արդյունքում կոպտորեն խախտված են ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները»,– ասել է նա:

Պաշտպանը նշել է, որ պետք է ստեղծվի անվտանգության գոտի, ադրբեջանական զինված ուժերը, սահմանապահ զորքերի ծառայողներն իրենց ցուցանակներով, դրոշներով, ցանկացած ներկայությամբ պետք է այդտեղից հեռանան:

«Սահմանի հետ կապված ցանկացած գործընթաց չպետք է մարդկանց բնականոն կյանքը խաթարի»,- ասել է նա:

Արման Թաթոյանը նշել , որ Ադրբեջանի նպատակներից է նաև, օգտագործելով մեր հայրենակիցների գերի լինելու փաստը, լարված պահել այստեղ մթնոլորտը:

«Ադրբեջանի իշխանությունները տապալում են միջազգային, մարդու իրավունքների սկզբունքները, եթե միջազգային կառույցները չեն արձագանքելու դա նշանակում է, որ խրախուսում են դա և վտանգավոր նախադեպ է ստեղծվում»,- ասել է նա:

--00--ԱԹ