100 մլն դրամ՝ Կիրանցի հիմնական դպրոցի մոդուլային շենքի կառուցման համար

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News  

մոդուլային դպրոց

ՀՀ կառավարության նիստում այսօր որոշում է կայացվել 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը հատկացնել 100 մլն դրամ։ Գումարը կտրամադրվի Տավուշի մարզի Կիրանցի Գ.Վարդանյանի անվան հիմնական դպրոցի մոդուլային շենքի կառուցման աշխատանքների մեկնարկն ապահովելու համար:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի եվ տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ համաձայն նախագծի հիմնավորման՝ դպրոցն ի սկզբանե ընտրվել էր «Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցում» ծրագրում ընդգրկվելու համար: Կիրանցի Գ. Վարդանյանի անվան հիմնական դպրոցի մոդուլային շենքի կառուցման աշխատանքների մեկնարկի համար ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 24-ի N 1589-Ն որոշմամբ 81 մլն 770.4 հազար դրամ գումար էր հատկացվել, սակայն գնման գործընթացով պայմանավորված աշխատանքները հնարավոր չի եղել սկսել (գնման պայմանագիրը չի կնքվել)։

2021 թվականի հուլիսի 20-ին կնքվել է շուրջ 615 մլն դրամի չափով պայմանագիր՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան: Կնքված պայմանագիրը ենթակա է լուծման, եթե դրա կնքելու օրվան հաջորդող վեց ամսվա ընթացքում պայմանագրի կատարման համար ֆինանսական միջոցներ չեն նախատեսվում: Հետեւաբար, քանի որ նշյալ պայմանագրի գործողության ժամկետը լրանում է 20.01.2022թ.-ին, ՀՀ կառավարությունը հատկացրել է համապատասխան ֆինանսավորում` դպրոցի շինարարական աշխատանքների մեկնարկն ապահովելու համար: Շինարարական աշխատանքները կիրականացվեն քաղաքաշինության կոմիտեի պատվիրակմամբ:

Ընդհանուր առմամբ, պետական ֆինանսավորմամբ 2021 թվականին նախատեսվում է իրականացնել  մոդուլային 20 դպրոցի եւ 10 մանկապարտեզի շինարարական աշխատանքներ:

Նշենք, որ «Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցում» ծրագրում ներառված դպրոցներն ընտրելիս հաշվի է առնվում այն, որ դպրոցը բնակավայրում միակը լինի, դրանում  սովորեն մինչեւ 100 աշակերտ: Բացի դրանից, սեյսմակայունության խնդրի պատճառով շենքի վերականգնումը տնտեսապես արդյունավետ չէ, իսկ դպրոցի տեղակայման վայրում առկա է մոդուլային շենքի տեղակայման պահանջներին համապատասխան հողատարածք։ Մոդուլային ուսումնական հաստատություններն ապահովված կլինեն նաեւ ապաստարաններով:
--00—ՄՀ