Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի նոր սեփականատիրոջ բաժնետոմսերը կալանքի տակ են․ «ՍիվիլՆեթ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

նկար

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 12,5 տոկոսի սեփականատեր, Ռուսաստանի առողջապահության ու սոցիալական զարգացման հարցերի նախկին նախարար Միխայիլ Զուրաբովն անօրինական է համարում ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոյի կողմից կոմբինատի 60 տոկոսի ձեռքբերման գործարքն ու դիմել է դատարան՝ գործարքն անվավեր ճանաչելու պահանջով,  այդ մասին հայտնի է «Դատալեքս» տեղեկատվական հարթակից։

Ավելին՝ ՍիվիլՆեթի տեղեկություններով Միխայիլ Զուրաբովին պատկանող «Զանգեզուր մայնինգ»-ը դիմել է դատարան՝ հայցի ապահովման միջոց կիրառելու համար, ինչը բավարարվել է, և կոմբինատի խոշոր բաժնետեր Ռոման Տրոցենկոյին պատկանող բաժնետոմսերի 45 տոկոսի վրա դրվել է արգելանք։ Արգելանքի որոշումը կայացվել է հոկտեմբերի 19-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անահիտ Թումանյանի կողմից։ Ներկայում կոմբինատի 45 տոկոսը պատկանում է Տրոցենկոյի «Արդյունաբերական ընկերությանը», 15 տոկոսը՝ կառավարությանը (թեև կառավարությունը պաշտոնապես չի հրապարակել նվիրատվության պայմանագիրը),  12,5-ական տոկոսներ ունեն Միխայիլ Զուրաբովի «Զանգեզուր մայնինգ»-ն ու «ԱՄՓ հոլդինգ»-ը, որը պատկանում է կոմբինատի նախկին տնօրեն Մհեր Պոլոսկովին, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյանի եղբորը՝ Կարեն Հակոբյանին ու Գուրգեն Ամբարյանին։ Մնացած 15 տոկոսի ճակատագիրը դեռևս հայտնի չէ, դրա սեփականատերը շարունակում է հանդիսանալ հենց կոմբինատը։

Միխայիլ Զուրաբովը պահանջում է դատարանից անվավեր ճանաչել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից Ռոման Տրոցենկոյի գնած 60 տոկոս բաժնետոմսերի առքուվաճառքի գործարքը, ինչպես նաև Տրոցենկոյի «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերության կողմից կառավարությանը բաժնետոմսերի 25 տոկոսը նվիրատվություն կատարելու որոշումը։ Հայցվորի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը ՍիվիլՆեթին ասաց՝ պահանջում են կոմբինատի բաժնետոմսերը նախապատվության իրավունքով օտարել իրենց, քանի որ ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի առքուվաճառքի դեպքում առաջին հերթին դրանք պիտի առաջարկվեն գործող բաժնետերերին։

ՍիվիլՆեթը նախկինում գրել էր, որ Տրոցենկոյից առաջ կոմբինատի բաժնետոմսերը ձեռք բերելով հետաքրքրված էր հենց Միխայիլ Զուրաբովը։ Կոմբինատի բաժնետոմսերը կամ պետք է մարվեին կամ տեղաբաշխվեին, և Զուրաբովը ցանկություն ուներ ձեռք բերել ԶՊՄԿ-ի 75 տոկոս բաժնետոմսերը և դրա հետ կապված կա անգամ դատական գործ։ Այդ գործով Զուրաբովը պահանջել էր հայցի ապահովման միջոց կիրառել, ու ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի 75 տոկոսը հայտնվել էր կալանքի տակ, սակայն սեպտեբերի 30-ին դրանք հանվում են կալանքից, մի քանի ժամ անց տեղի է ունենում գործարքն ու ԶՊՄԿ-ի 60 տոկոսն անցնում է Տրոցենկոյին, իսկ հետո կառավարությունը որոշում է նվիրատվությամբ ընդունել Տրոցենկոյի կողմից իրեն նվիրաբերված 25 տոկոսը։

Արամ Օրբելյանի խոսքով՝ գործարքը ԶՊՄԿ-ի և Տրոցենկոյի միջև կնքվել է օրենքի խախտումով, և «Զանգեզուր մայնինգ»-ի նախապատվության իրավունքը չի պահպանվել, բացակայում են նաև մի շարք կորպորատիվ համաձայնություններ, ինչը հիմք է գործարքն անվավեր ճանաչելու համար. «Ես՝ որպես «Զանգեզուր մայնինգ»-ի շահերի ներկայացուցիչ, հայտարարում եմ՝ մեզ հայտնի չէ, որ բաժնետոմսերի առքուվաճառքի օրակարգով եղած լինի բաժնետերերի ժողով»,- ասաց փաստաբանը։

«Զանգեզուր մայնինգ»-ը դիմել է կոմբինատին, կոմբինատի մյուս բաժնետերերին, կենտրոնական դեպոզիտարիային՝ Տրոցենկոյի հետ կապված գործարքի պայմանագրերը տրամադրելու համար, սակայն պատասխան դեռ չեն ստացել։ Հիշեցնենք, նախկինում Միխայիլ Զուրաբովը կոմբինատից պահանջում էր նաև բաժնետիրոջ կողմից աուդիտ անցկացնել, որը ևս չի անցկացվել։

Օրբելյանը համոզված է՝ Ռոման Տրոցենկոյի հետ կապված գործարքը նախապես համաձայնեցված է եղել ու թվարկում է, թե ինչ արագությամբ են գործողությունները ԶՊՄԿ-ի շուրջ իրար հաջորդել. սեպտեմբերի 29-ին «Զանգեզուր մայնինգ»-ը ծանուցվել է, որ մեկ օր անց Սյունիքում պիտի կայանա նիստ՝ ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի 75 տոկոսը արգելանքից հանելու համար, սեպտեմբերի 30-ին կայանում է նիստը, դատարանը վճռում է հանել արգելանքը, ապա կայանում է գործարքը, իսկ երեկոյան արդեն՝ բաժնետոմսերի մի մասի նվիրատվությունը կառավարությանը։ «Զանգեզուր մայնինգ»-ի շահերի ներկայացուցիչը ասում  է՝ փոփոխություններից հետո բաժնետերերի նոր ժողով չի եղել. «Երբ ՀՀ-ում՝ սուպերծանրաբեռնված դատական համակարգում հանկարծ սեպտեմբերի 29-ի կեսօրին մոտ ստանում ենք ծանուցում, հետո հեռախոսազանգ, հաջորդ օրը հասնում ենք Կապան՝ դատական նիստի, ժամը 17:00-ին ավարտվում է նիստը, իսկ երեկոյան կառավարությունը նվիրատվություն ընդունելու որոշում է կայացնում։ Ցանկացած քաղաքացի թող սա կարդա ու հասկանա՝ տարօրինակ բան կա այդ գործարքում, թե չկա»,- հարցադրում է անում Օրբելյանը։

ՍիվիլՆեթը դիմել էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին՝ խնդրելով տրամադրել 60 տոկոսի առքուվաճառքի պայմանագիրը։ ԶՊՄԿ-ն չի տրամադրել՝ դա որակելով առևտրային գաղտնիք։ Կառավարությունը նվիրատվություն ընդունելու իր որոշման մեջ նշել էր 10-օրյա ժամկետ՝ համապատասխան պայմանագիր կնքելու համար, և դարձյալ հայտնի չէ՝ կնքվել է, թե ոչ (ՍիվիլՆեթը դիմել է կառավարություն՝ նվիրատվության պայմանագիրը ստանալու համար):

Պղնձամոլիբդենային կոմբինատում գործարքից հետո Ռոման Տրոցենկոն հանդիպել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին, իսկ մի քանի օր անց Փաշինյանը հայտարարեց, որ Տրոցենկոն մտադիր է մոտ 4 միլիարդի ներդրում կատարել ԶՊՄԿ-ում, նաև՝ սկսել պղնձաձուլարան ու ատոմակայան կառուցելու գործընթացներ։ Տրոցենկոյի ունեցվածքը, ըստ Forbes-ի, կազմում է 2,4 միլիարդ դոլար, նա նաև «Գեոպրոմայնինգ գոլդ»-ի վերահսկիչ բաժնետերն է՝ Սոթքի ոսկու հանքի և Ագարակի պղնձամոլիբդենային հանքերի սեփականատերը։ Փաշինյանը չէր համաձայնել, որ կոմբինատի բաժնետոմսերի առքուվաճառքի գործարքը մութ գործարք է ու հույս էր հայտնել, որ կառավարության մասնաբաժինը կոմբինատում հետզհետե կմեծանա ու կհասնի 25 տոկոսի։ «Զանգեզուր մայնինգ»-ի ներկայացված հայցում պատասխանող է նաև վարչապետի աշխատակազմը։ 

--00—ԼՄ

Տեսանյութեր