Հուշագիրը ստորագրել են ավագանու անդամները․ Խաչատրյանը՝ Բաբայանի կուսակցության հայտարարության մասին

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 7,  24 News 

Անի

Հուշագիրը ստորագրել են մանդատ ունեցող ավագանու անդամները, իսկ կուսակցության և նրանց փոխհարաբերություններին ես իրավունք չունեմ խառնվել։  24News-ի հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը՝ անդրադառնալով «Ազատական կուսակցության՝ նոյեմբերի 6-ին արված հայտարարությանը։ 

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի առաջնորդած «Ազատական» կուսակցությունը հայտարարել էր, որ Մեղրի համայնքի ավագանու ընտրությունների արդյունքում որևէ քաղաքական ուժի հետ համագործակցության հուշագիր չի ստորագրել և որևէ անձի՝ կուսակցության անունից հանդես գալու լիազորությամբ չի օժտել։

Նշենք, որ նոյեմբերի 3-ին «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Բագրատ Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ էր հրապարակել, որում անձամբ հայտարարել էր «Ազատական» կուսակցությունից առաջադրված ավագանու անդամների հետ համաձայնության գալու և համատեղ հուշագիր ստորագրելու մասին, ըստ որ համայնքի 5-ամյա կառավարումն իրականացվելու հավասարաչափ։ Համաձայն հուշագրի՝ առաջին 2,5 տարին համայնքը ղեկավարելու է «Հանրապետություն» կուսակցության համայնքապետի թեկնածուն, իսկ մնացյալ 2,6 տարին՝ «Ազատական» կուսակցության թեկնածուն։

Անի Խաչատրյանն ասաց, որ փաստացի ավագանու անդամներն են ստորագրել են հուշագիրը։ «Դա արդեն ավագանու անդամների և «Ազատական» կուսակցության փոխհարաբերությունների հետ է կապված։ Իսկ ավագանու անդամը, ես իմ օրինակով ասեմ, իրավունք ունի դուրս գալ խմբակցությունից և լինել անկախ», - նշեց ՀԿ-ի քաղխորհրդի անդամը։ 

Հարցին՝ «Ձեզ համար անակնկա՞լ, որ «Ազատական» կուսակցությունն այսպիսի հայտարարություն տարածեց», Խաչատրյանը պատասխանեց, որ սովորական երևույթ է։

«Գիտե՞ք, ուրիշ թիմերի ներքին հարաբերությունները երբեք անակնկալ չեն լինում։ Մենք Երևանի ավագանիում ունենք «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած ավագանու անդամներ, նախկինում էլ՝ Փոստանջյանի խմբակցությունից։ Այնպես որ, նման երևույթներ լինում բոլոր կուսակցությունների դեպքում։ Եթե նայել եք տեսանյութը, հուշագիրը ստորագրելու տեքստում ասում են՝ «ավագանու անդամների միջև»։ Այսինքն՝ դա չի ստորագրվել երկու կուսակցությունների միջև, դա ստորագրվել է ավագանու անդամների միջև։ Ի դեպ, նույն կերպ ստորագրվել է նաև Գյումրիում ավագանու անդամների միջև։ Եթե դա լիներ կուսակցությունների միջև ստորագրված հուշագիր, ես կմեկնաբանեի, բայց սա ավագանու անդամների միջև ստորագրված հուշագիր է», - եզրափակեց Անի Խաչատրյանը։

 --00—ՄՀ