Հայ-ադրբեջանական լարվածության պատճառով Սոթքի հանքավայրի աշխատակիցները տարհանվել են

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

Հասարակական

Ցերեկն արդեն իրավիճակը լարված էր, և դրա պատճառով որոշում կայացրեցինք դադարեցնել Սոթքի հանքավայրի աշխատանքը և տարհանել բոլոր աշխատակիցներին, որպեսզի ապահովենք նրանց անվտանգութոյւնը։ Այս մասին 24News-ին ասաց «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը։

Հարցին՝ կրակոցներ եղե՞լ են հանքավայրի ուղղությամբ, Գրիգորյանը պատասխանեց, որ չի կարող ռազմական բնույթի տեղեկատվություն տրամադրել։ «Որովհետև կապ չունեմ Սոթքի հանքավայրի աշխատակիցների հետ։ Բայց ինչպես տեղյակ եք, սահմանի մի մասն անցնում է հանքավայրի տարածքով, և ստեղծված լարված իրավիճակի պատճառով որոշեցինք կանգենցել աշխատանքը», - նշեց նա։

«Վերջին 1 տարում պարբերաբար վիճակը լարվում է Վարդենիսի տարածաշրջանում, ուստի մենք պատրաստ ենք լինում այսպիսի իրավիճակներին։ Հենց տեսնում ենք, որ լարված է, միանգամից մեր գործողությունները կատարում ենք», - հավելեց «Գեոպրոմայնինգ Գոլդ»-ի ներկայացուցիչը։

Ռուզաննա Գրիգորյանն ասաց, որ սովորաբար 700 մարդ է աշխատում հանքավայրում, ցերեկային ժամին՝ 300-400 հոգի։ 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների՝ հայկական դիրքերի վրա նախաձեռնած հարձակման հետևանքով սկսված մարտերի արդյունքում հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, որոնց վերաբերյալ տվյալները ճշտվում են, ինչպես նաև հայտնի է երկու մարտական դիրքի կորստյան մասին։

--00--ԿԿ