Հայրենական շարունակվող պատերազմը և "Զինված ազգի" կոնցեպտը 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

ю
                                                   "Հորացիուսների երդումը", Դավիդ, 1784թ.

«Համազգային միասնությունը ուտոպիա չէ: Հարկավոր է համաժողովրդագրական միասնություն Հայաստանում և Արցախում: Կարող ենք միասնական լինել, մի կետի խփել և միասնական ճակատով լուծել մեր բոլոր հիմնախնդիրները: Եթե ինքներս մեր հավաքական ուժին վստահենք, ապա աշխարհում ոչ մի ուժ չի գտնվի, որ կկարողանա մեզ ծնկի բերել...»

Վազգեն Սարգսյան

Գետը՝ որպես պատմական միջավայր, պատմության մեջ մեզ հանդիպում է մի քանի անգամ` ոչ շատ հաճախ, բայց ոչ էլ սակավ, հիմնականում ինչպես ճակատամարտի եզրագիծ և անուն կամ հատման սահման։ 
Ինձ համար գետն երկու անգամ է, որ քաղաքակրթական բեկումնային նշանակություն է ունեցել։ 

«Եղիր հաստատակամ ու խիզախ։ 
Դու անցնում ես Հորդանանը` Ես քեզ հետ եմ»։ 

Այսպես խոսեց Տերը սուրբ Հիսուս Նավիի հետ, երբ նա հրեաներին պիտի առաջնորդեր դեպի Ավետյաց երկիր։ 

«Վիճակը նետված է»։ 

Սա արդեն Հուլիոս Կեսարի խոսքն է դեպի Հռոմ շարժվելիս՝ հատելով Ռուբիկոնը: Կեսարը իշխում էր Հռոմին, իսկ Հռոմը տիրում էր աշխարհին։ 

Բերված օրինակները փաստում են գիտակցված վճռականության մասին, որոնք շրջադարձային պատմական նշանակություն են ունեցել և վերափոխել են իրավիճակը ու հիմք դարձել հզոր շարունակության։ 

Հայերիս համար՝ որպես ընկալում, չկան հաստատված այն սահմանները, որոնք կխորհրդանշեն առաջընթացի մեկնարկային մի սկիզբ, որից շեղվելը կամ հետ գնալը կհամարվի տաբու։ Նույնիսկ 1915թ. Ցեղասպանությունը մեր մեջ ավելի շուտ զգացական դրսևորում ունի, քան թե ճշգրիտ քաղաքական մոտեցում։ 

Ժամանակը ցույց տվեց, որ Անկախ պետականության նվաճումը, Արցախի ազատագրումը, սեփական Սահմանադրություն, բանակ, դրամ և այլ պետական ինստիտուտներ ունենալը ժողովրդի և հասարակության կողմից չի ընդունվում որպես ձեռքբերում֊վերջնագիծ, ինչից ներքև չի կարելի գլորվել և սկզբնագիծ, որի պահպանումն ու ամրապնդումը ամեն մեկի և բոլորի կենսագործունեության գլխավոր իմաստն է։ 
Եսասեր բարգավաճումը` հաճախ հենց ազգակիցների հաշվին, հաջողության մարմնավորումը դարձավ։ 

Մինչդեռ մեր Հայրենական պատերազմը սկսվել է ու շարունակվում է` չի ավարտվել։ 
Գործող վարչակազմի «խաղաղության դարաշրջանի» թեզը սեփական իմպոտենցիան թաքցնելու հերթական մանիպուլիացիան է և այս շղարշի տակ ժողովրդին մոլորեցված պահելու վարքագիծը։ 

Իհարկե, բոլոր հարևանների հետ բարեկարգ և գործընկերային հարաբերությունների հաստատումը մեր պետության առաջնահերթ շահերից ու նպատակներից պետք է լինի, բայց անհրաժեշտ է, որ հաշտության գործընթացում դու քո խոսքը, քայլը և կշիռը ունենաս։ Հակառակում խաղաղությունից խոսողը ողորմություն մուրացողի տեսք է ստանում։ 

«Քսան֊քսանի»  պատերազմից հետո տարածաշրջանում իրավիճակ է փոխվել։ Հիմա ցնցվում է համաշխարհային աշխարհակարգը։ 

Այս հարափոփոխության մեջ ո՞րն է Հայաստանի նպատակը, և ի՞նչ է անելու Հանրապետությունը։ Ներկա պահին և վաղուց արդեն կառավարող վարչախումբը աղամանի կարգավիճակը որոշելուց բացի ավելի բարձր որակ չունի։ Եվ եթե նիկոլիստները հաջողեցին ներքաղաքական պայքարի ու իշխանապահպանման հարցերում, ապա լիակատար և վերջնական ձախողված են պետության կառավարման գործում։ 

Բայց փակուղին դեռ չի նշանակում անդունդ, և պատային վիճակից մեզ կարող է դուրս հանել ուժեղ, խորագետ և աննահանջ առաջնորդը, ով համապետական ընտրության ձախողումից կամ ընդդիմադիր շարժման անհաջողությունից հետո ոչ թե կզբաղվի վերլուծական միօրինակ ասուլիսներ տալով և կբավարարվի չստացված֊եղածով, այլ կգնա մինչև վերջ։ Սա՝ անհատական առումով։ 

Լիդերին հաջորդողը պետք է լինի Գերխնդրի ձևակերպումը, որը գաղափարապես պիտի է շաղակապված լինի «Ղարաբաղ կոմիտեի» գաղափարների և արժեքների հետ` այսօրվա պահանջներն ու առաջնահերթությունները իր մեջ ներառած։ Այս մարտահրավերներում մեր օրերում շատ բան չի փոխվել թե ներքին, թե արտաքին ասպարեզներում։ Նորից կախված են մնացել Ղարաբաղի հարցը, բանակի վերականգնումը, պետության ուժեցումը։

Արդյո՞ք Հայաստանը կարիք ունի գնալու «Բանակային մոդելի» պետություն դառնալու ճանապարհով` հնարավորինս չոտնահարելով, այլ համադրելով նաև ազատական և ժողովրդավարական սկզբունքների զարգացումը։ Պի՞տի ուժի մեջ մտնի «Զինված ազգի» սկզբունքը, որը նշանակում է, որ յուրաքանչյուր քաղաքացի՝ այդ թվում և կանայք, իրենց դերն ու տեղը կիմանան պատերազմը սկսվելուց անմիջապես հետո և պատրաստ լինեն համապատասխան առաջադրանքների իրականացումը ապահովելուն։ Երբ, կոպիտ ասած, թշնամին գիտակցի, որ մեր սահմաններից ներս խուժելու դեպքում իր վրա կես միլիոն և ավելի մարդ է կրակելու։ Հավանաբար` այո։ Ի՞նչու։

Յուրաքանչյուր առաջընթացի համար պետք է անվտանգություն։ Քո խաղաղությունը ամեն պահի կարող են ուրիշները խախտել։ Դա մի բան է, որը միայն քեզանից չի կախված, սակայն քո  անվտանգ լինելիությունը, պետություն֊ամրոցի անառիկությունը արդեն դու կարող ես ապահովել։ Եվ անվտանգության հասկացողությունը լայնատարած մի բան է, որը հոգևորից մինչև բանակ, դիվանագիտությունից մինչև կրթություն, տնտեսությունից մինչև առողջապահություն իր մեջ շատ բան է ներքաշում։ 

Այսօր մենք ապրում ենք արդեն ոչ թե ռեգիոնալ, այլ միջազգային այնպիսի օրերում, երբ կարող են հենց օրերի կամ նույնիսկ ժամերի ընթացքում հարվածի  թիրախ դառնալ մինչ օրս ապահով համարվող տարածքներն ու մայրաքաղաքները, և Երևանը բացառություն չի այս շարքում` բնավ։ 

Պատրանք է մտածել, թե օտարը մեզ ավելի լավ տիրություն կանի, քան մենք մեզ կպաշտպանենք։ Ավելին` սա ստրկամտություն է։ Ոչ ոք չի հարգում թույլերին, խեղճերին, պարտվածի հոգեբանությունը չհաղթահարող պարտվածներին։ Բնականաբար,  յուրաքանչյուրն իր շահն ունի, և ոչ ոք չի երդվել հավերժ դաշնակից լինել մեզ, ու սերն էլ զգացական և ոչ թե քաղաքական կատեգորիա է։ 

Մեր երկրում հիմա ժամանակը կորսվում է պարապաբանության վրա, որը երբեք անշառ հետևանք չի ունենում։  Հայաստանում պիտի հաստատվի էտատիստական կառավարում, և պետությունը պետք է անցնի վերականգնման ռեժիմի գրաֆիկին։ 

Հետագա աղետներից խուսափելու համար մենք պարտադրանք ունենք հրաժարվելու պատմական իրավունքի վրա հիմնված ավանտյուրիզմից և վերագտնելու ռեալ իրականության հիման վրա հաստատված ռացիոնալիզմը։ Մեր ներուժն ունի այն պաշարը, որի վրա կարող է հավաքվել այն միավորը, որն ի վերջո մեզ դուրս կբերի գավառական ազգայնականությունից և պրիմիտիվ կոսմոպոլիտիզմից, անհեթեթ դեմագոգիայից ու ստորաքարշ պոպուլիզմից։ Կհավաքի հայի ցաքուցրիվ միտքը և որպես կամք կարտահայտվի։ Մենք մեր վերջնական ու մշտական դեմքը պիտի կերտենք և այդպես նայենք աշխարհին` նրանք էլ մեզ։ Ուղղակի մի բան է պետք, որ յուրաքանչյուրը գիտակցի, ընդունի որպես աքսիոմա` չպայմանավորված իր մտավոր կարողություններով. պետությունը մարդու ամենակատարյալ ստեղծագործությունն է և ամենաբարձր մշակույթը։ Անկախ պետությունը յուրաքանչյուրի և բոլորի ազատ ու արժանապատիվ կյանքի միակ գրավականն է և երաշխավորը։ Եթե մենք հիմա կորցնենք այս ինստիտուտը, այլևս ոտքի չենք կանգնի և կարճ անց չենք լինի ընդհանրապես` համենայն դեպս որպես ինքնության կրող։ 

Հիմա արդեն իսկ ուշ է` մի փոքր էլ ուշանալու դեպքում հետո էլ հնարավորություն չի լինելու։ 

Ռուբեն Վարդանյան 
Պատմաբան, հրապարակախոս

--00--ԱՀ